ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՅՈՒԹԵՐ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ՈՒՄ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում մաքրվում, վերականգնվում և ամրակայվում են վերջերս Գեղարքունիքի մարզում պատահաբար հայտնաբերված նյութական արժեքներ, որոնք վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ժամանակներին: Գտածոների մեջ իրենց ձևով և պատրաստման եղանակով հատկապես կարևոր են դեպի վեր հավասարաչափ լայնացող իրանով և շեփորաձև շուրթով կարմիր փայլեցված երկկանթ սափոր-սկահակը, վարդակատիպ մատնեքավոր հատակով եզակի քրեղանը, երկու ագաթե գնդաձև մեծ ուլունքահատիկները, կենդանու ողերի ոսկորներից պատրաստված, փորագրազարդ ներդիրները, երկաթե ասեղ-լեզվակով բրոնզե շիկղը, հավանաբար համրիչի մաս հանդիսացած գիշերաքարի երեք ուղղանկյուն, փոքրիկ հատիկները, երկաթե դաշույնների և նիզակների մնացորդները և այլն: Մեծ քանակություն են կազմում հնամարդաբանական և հնակենդանաբանական նյութերի մնացորդները:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով այս պահին ուսումնասիրվող հնագիտական նյութն իսկապես բացառիկ է և թվագրվում է մ.թ.ա. VII դարով։ «Գավառի երկրագիտական թանգարանից զանգահարեցին ու տեղեկացրեցին, որ շինարարական աշխատանքների ժամանակ գյուղացիները պատահաբար հնագիտական նյութ են հայտնաբերել, սակայն միջոցների սղության պատճառով չեն կարողանում ձեռք բերել կարևոր գտածոները։ Գնացինք տարածքն ուսումնասիրելու, իսկապես Գավառի Հացառատ թաղամասում, գերեզմանոցի տարածքում, նոր գերեզման փորելիս, բացվել էր ուրարտական շրջանի դամբարան։ Բանակցությունների արդյունքում հնագիտական նյութը հայտնաբերած բնակիչն այն ամբողջությամբ տրամադրեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին»,- ըստ Աշոտ Փիլիպոսյանի` գտածոներն այսպես են հայտնվել ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում։ Այստեղ արդեն ամբողջ նյութը կմաքրվի, կվերականգնվի՝ հետագայում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Ուրարտուի շրջանին վերաբերող մշտական ցուցադրության մեջ ընգրկվելու նպատակով (կնշվի նաև, թե ով է այդ բացառիկ նյութերը հանձնել ՊՈԱԿ-ին)։

«Կան կավանոթների բացառիկ նմուշներ, խեցեղենի այնպիսի կտորներ, ինչպիսիք դեռ չեմ հանդիպել։ Մենք փորձելու ենք շատ արագ վերականգնել` երկու երեք ամսվա ընթաքում։ Կան նաև ամբողջական առարկաներ, որոնք ուղղակի պատված են հողի և կրային նստվածքների շերտերով և հրատապ մաքրման կարիք ունեն։ Ինչ վերաբերում է երկաթե զենքի բեկորներին, ապա, ցավոք, դրանք շատ վատ վիճակում են, ժանգի պատճառով այս պահին իրենց բնական չափերից մեծ են երևում, հարկավոր է դրանք մանրակրկիտ մաքրել և հնարավորինս բերել նախնական տեսքին»,- ասում է ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչ Տիգրան Զաքյանը։

Աշոտ Փիլիպոսյանի խսքով հետաքրքիր է նաև հնամարդաբանական նյութը, որը պատահաբար բացվելուց ցրիվ էր եկել, սակայն բնակիչները հավաքել և տրամադրել են ՊՈԱԿ-ին։

Այժմ այդ նույթն ուսումնասիրում է ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը: «Գտնվել են մարդու և կենդանիների ոսկորներ, իհարկե` ոչ ամբողջական։ Ըստ այս պահի ուսումնասիրության, առկա են հասուն տարիքի հինգ մարդկանց ոսկորներ, որոնցից չորսը տղամարդիկ են։ Արդեն պարզ է, որ այդ տղամարդիկ ողնաշարային հիվանդություն են ունեցել։ Սկսվել է ոսկորները վերականգնելու աշխատանքը, իրար են միացվում նախ երկար ոսկորները՝ մարդկանց հասակը պարզելու համար, դրան կհաջորդի գանգի վերականգնումը, ինչն ամենաբարդն է, քանի որ գանգի ոսկորները փշրված են։ Հավաքելուց հետո գանգի ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչպես է մահացել տվյալ մարդը՝ գլխատվել, թե որևէ բախման կամ պատերազմի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով է»։ Հասմիկ Սիմոնյանի բարդ ու պատասախանատու աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ստանալ մի քանի կարևոր տեղեկություն ևս. տվյալ մարդու սեռն ու տարիքը, ապա հնարավոր կլինի պարզել, թե ատամնային ինչ հիվանդություններ են ունեցել, ինչն իր հեթին տեղեկատվության մի հսկայական պաշար է տալու՝ մասնավորապես, թե ինչ կենցաղով են ապրել այդ մարդիկ, ինչ են կերել կամ արդյոք սով տարել են, թե ոչ։

«Դատելով մեր հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի ուսումնասիրությունից` դամբարանում հինգ անձ է թաղվել, թե նրանցից որն է կենտրոնական հանգուցյալը, որոնք ուղեկիցները, դժվար է ասել, քանի որ կմախքների նախնական դիրքն անվերադարձ խաթարվել է: Այսուհանդերձ, դամբարանը և նրանում զետեղված գույքակազմը շատ հետաքրքիր են, վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ռազմաքաղաքական պատմության վերջին փուլին՝ մ.թ.ա. VII դարին։ Սա վկայում է, որ այդ ժամանակ Սևանի ավազանը ևս ռազմավարական առումով Վանի թագավորության (Ուրարտուի) համար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող կարևոր տարածքներից մեկն է եղել: Դամբարանը համաժամանակյա է Հացառատի գերեզմանատան մոտակայքում գտնվող Բերդի գլուխ ամրոցի ուրարտական շերտին, այսինքն` այստեղ ուրարտացիները հաստատվել են տևական ժամանակ ու դեպքերի բերումով նաև բարձրաստիճան անձանց թաղումներ իրականացրել»,-ավելացնում է Աշոտ Փիլիպոսյանը։

2017-02-06T11:31:07+00:00 23 / 01 / 2017|Լրահոս, Նորություններ|