ԻՏԱԼԱՑԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՆՎԻՐՈՒՄԸ․ ՊԱՈԼՈ ԿՈՒՆԵՈ

Իտալացի ճարտարապետ, արվեստաբան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Պաոլո Կունեոն ծնվել է 1936 թ.-ին, Հռոմում։ 1962 թ.-ին ավարտել է Հռոմի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը։ Հիշյալ համալսարանի արվեստի, գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում 1966 թ.-ին հիմնադրված Հայ միջնադարյան ճարտարապետության բաժնի անդամ է։ Պրոֆեսոր Կունեոն 1965 թվականից սկսած կազմակերպել է բազմաթիվ գիտարշավներ ինչպես Հայաստանի Հանրապետություն, այնպես էլ Արևմտյան Հայաստան, ուսումնասիրել Թուրքիայի տարածքի հայ մասնագետների համար անմատչելի հայկական հուշարձանները և իր հավաքած բոլոր նյութերը սիրով տրամադրել հայ գիտնականներին։ Պաոլո Կունեոն այնքան տպավորված էր Անիի ճարտարապետությամբ, որ Հռոմի համալսարանում իր վարած ճարտարապետության պատմության դասընթացում ներառել է նաև հայկական ճարտարապետությանը վերաբերող բաժին՝ իտալացի ապագա ճարտարապետներին ծանոթացնելով հայկական բազմադարյան մշակույթի կարևորագույն ճյուղի՝ շինարարական արվեստի նվաճումներին։ 1970 թվականին Պաոլո Կունեոն աշխարհի գիտական հանրության ուշադրությունը սևեռեց պատմական Հայաստանի մայրաքաղաք Անիի հուշարձաններին, կոչ անելով դրանց պահպանման ու վերանորոգման համար ստեղծել միջազգային կենտրոն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մոնումենտում» հանդեսում (1970, JSP 5) լույս տեսած «Անի քաղաքի ավերակները» («Les ruines de la Ville d՝Ani») աշխատությունում նա առաջարկում է Անին դարձնել գիտահետազոտական և տուրիստական միջազգային կենտրոն։

Պաոլո Կունեոյի հեղինակած գրքերից են բացառիկ գիտական արժեք ունեցող «Անիի՝ միջնադարյան Հայաստանի ճարտարապետական դպրոցը» մենագրությունը (Հռոմ, 1977), Արևմտյան Հայաստանում առաջին անգամ իր իսկ ուսումնասիրած հուշարձանների՝ Թուղի, Փաշվանքի 5-րդ դարի բազիլիկներին և Հոգեաց վանքի համալիրին նվիրված ուսումնասիրությունը (Հռոմ, 1979), համահեղինակ է «Անի» (Միլան, 1984) և «Ղարաբաղ» (Միլան, 1988) գրքերի։

Հայկական ճարտարապետության վերաբերյալ գրել է բազմաթիվ աշխատություններ, այդ թեմայով կարդացել դասախոսություններ Հռոմում, Ռավեննայում, Բերգամոյում, Փարիզում, Երևանում։ Զեկուցումներով մասնակցել է հայ արվեստին նվիրված միջազգային I և II գիտաժողովներին։ 1988 թվականին հրատարակել է «Հայկական ճարտարապետությունը 4-19-րդ դարերում» շուրջ 1000 էջանոց երկհատոր աշխատությունը։ Գիրքը տալիս է հայկական միջնադարյան ճարտարապետության համապատկերը՝ գիտականորեն ճշգրիտ մեկնաբանություններով։ Այստեղ ներկայացված են ինչպես նախկին Խորհրդային Միության տարածքում, այնպես էլ Թուրքիայում ու Իրանում գտնվող հայկական հուշարձանները՝ մասնագիտական վերլուծություններով և բնութագրումներով։ Այս աշխատության համար Կունեոն արժանացել է Թորոս Թորամանյանի անվան մրցանակի, որը նրան հանդիսավոր կերպով հանձնվել է 1990 թվականի մայիսին` Զվարթնոցում։ Իսկ հայկական մշակույթին նվիրված իր երեսնամյա բեղմնավոր գիտական աշխատանքի և այդ բնագավառում ներդրած պատկառելի ավանդի համար Պաոլո Կունեոն 1994 թվականին ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

2017-02-17T10:33:12+00:00 14 / 02 / 2017|Լրահոս|