ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի 2016 Թ. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2016 թ. ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:

«ՊՈԱԿ-ն իր գործունեությունն իրականացրել է չորս հիմնական ուղղություններով` պահպանություն, ուսումնասիրում, օգտագործում և հանրահռչակում: ՊՄՊ մարզային ծառայությունների, արգելոցների և արգելոց-թանգարանների աշխատակիցների ջանքերով կազմակերպվել է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա շուրջ 19. 000 անշարժ հուշարձանի պահպանություն և պետք է ասեմ, որ ոլորտում առկա են որոշակի խնդիրներ», -իր խոսքում նշեց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սեյրան Առաքելյանն, ավելացնելով, որ ՊՈԱԿ-ի ֆոնդերում այսօր առկա է 306. 000 թանգարանային առարկա:

Վերը նշված բնագավառում գործառույթներն իրականացնելիս ՊՈԱԿ-ը համագործակցում է ՏԻՄ և իրավապահ մարմինների հետ: 2016 թ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ահազանգերի հիման վրա 13 քրեական գործ է հարուցվել, մի մասի քննությունն ավարտվել է, կան կարճված, նաև` քննության ընթացքի մեջ գտնվող քր. գործեր:

Անդրադառնալով հուշարձանների պահպանական գոտիներին նա հավելեց, որ կազմակերպությանը տարեկան տրամադրվում է 3 պահպանական գոտու վկայագիր, առանց պահպանության պայմանակարգի /ռեժիմի/: Նրա խոսքով առկա 1898-ից 330-ի հարցը վիճարկելի է, ինչը լուրջ խնդիր է հուշարձանի տարածքում հնարավոր իրավախախտումների կանխման ու բացահայտման առումով: Անդրադարձ եղավ նաև նորահայտ ու առավել վտանգված հուշարձաններին:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հետաքրքրվեց ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի, «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանների գործունեությամբ, «Գոշավանք» պատմաճարտարապետական և «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանների հետագա ճակատագրով:

Նախարարին զեկուցվեց, որ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հարուստ ցուցադրություն ունի, սակայն, միջհամայնքային ճանապարհի բարեկարգման խնդիր կա: Ինչ վերաբերում է «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանին, ապա ցուցանմուշների մի մասը տեղափոխվել և պահպանվում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:«Գոշավանքի» վերաբերյալ էլ նշվեց, որ ՊՈԱԿ-ը 2016 թ. 250 քմ հողատարածք է գնել, թանգարանի շենքի կառուցման համար: Շինարարական աշխատանքների իրականացման նպատակով` ՊՈԱԿ-ն այս տարի նախահաշվով նախատեսում է 10 մլն ՀՀ դրամ:

Ամփոփելով քննարկումը ՀՀ մշակույթի նախարարը հանձնարարեց մշակել ու լիազոր մարմնին ներկայացնել արգելոց-թանգարաններում ՀՀ և օտարերկրացի այցելուների համար նախատեսված տոմսերի միասնական արժեքի մասին առաջարկ: Կարևորելով հուշարձանների հանրահռչակումը, նախարարը խոսեց ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության մասին: ՀՀ մշակույթի նախարարը ՊՈԱԿ-ի տնօրինությունից ակնկալեց 2017 թ. ընթացքում նախատեսած փաստացի շահույթի 5-6 % աճի փոխարեն 40 % ու զբոսաշրջիկների թվի` 50 % աճ:

2017-03-10T10:54:23+00:00 16 / 02 / 2017|Լրահոս|