ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արմավիր > Նորություններ > «ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏ» ԽՄԲԱԿԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ
02

«Պատանի թանգարանագետ» խմբակը գործում է 2016 թ. հոկտեմբերից` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ: Խմբակի ստեղծման նպատակն է ակտիվացնել մարզերի մշակութային կյանքը, պատանիներին ծանոթացնել Հայաստանի ու արտասահմանյան երկրների թանգարանների գործունեությանը և ակտիվացնել թանգարաններ այցելությունները:

Դասընթացները հիմնականում անցկացրել են ՀՊՄՀ թանգարանագիտության բաժնի ուսանողները:

Պատանի թանգարանագետների այս տարվա անդրանիկ պարապմունքը մարտի 6-ին էր` Էջմիածնի թիվ 4 դպրոցում: «Աշխարհի արտասովոր թանգարանները» թեմայով դասընթացին ներկա են գտնվել ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Էլմիրա Եսայանը և գիտաշխատող Լուսինե Կիրակոսյանը: Դասընթացն անցկացրել են մանկավարժական համալսարանի ուսանողներ Հարություն Ենոքյանը և Անահիտ Սարգսյանը:

Ողջունելով մասնակիցներին` Էլմիրա Եսայանը նշեց, որ առավել ակտիվ աշակերտները կմասնակցեն Հայաստանի արգելոց-թանգարանների տարածքներ կազմակերպվող էքսկուրսիաներին:

Դպրոցականները բազմաբովանդակ հարցեր են հղել ավագ ընկերներին և ստացել սպառիչ պատասխաններ: Նրանք հետաքրքրությամբ լսել են նոր` «Դժբախտ սիրո», «Ծխախոտի», «Լեյլայի մազերի», «Պայուսակների», «Կոշիկների», «Փաթիլի», «Թիթեռի», «Շոկոլադի» «Մաֆիայի», «Սննդի», «Մարդու մարմնի», «Ստորջրյա» թանգարանների անուններ: Աշակերտները ներկայացրել են նաև իրենց մտքերը` ստեղծել քայլող և խոսող «Մոմե կաթողիկոսների», «Տիեզերքի» և «Քնկոտների» թանգարաններ:

Նրանք անսխալ պատասխանել են նախապես կազմված թեստերի հարցերին: