ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ միջոցառումների շարք է անցկացվել Վայոց ձորի մարզում: Մասնավորապես` Արենիի միջնակարգ դպրոցում բացվել է «Տուրիզմը իմ համայնքում» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Ներկայացվել են Արենի համայնքի տեսարժան վայրերը. պատմամշակութային հուշարձաններ, գինու գործարաններ, գինու փառատոնի լուսանկարներ, գրեթե թանգարանային նյութ դարձած կենցաղային իրերի լուսանկարներ: Ցուցահանդեսն ուղեկցվել է «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» թեմայով բաց դասի անցկացմամբ:

«Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը, խոսելով զբոսաշրջության մասին, նշել է, որ Արենի համայնքն օտարերկրացի զբոսաշրջիկների և գործարարների ուշադրության կենտրոնում է: Արենին հայտնի է նաև միջազգային չափանիշներով հայկական ամենաներկայացուցչական գինու արտադրությամբ:

«Խաղողագործությունը, գինեգործությունը, ավանդական դարձած գինու փառատոնը, աշխարհում ամենահին կաշվե կոշիկը և ամենահին գինու հնձանը, որոնք հայտնաբերվել են գյուղի վարչական տարածքում գտնվող «Թռչունների քարանձավից», մեծ ճանաչում են բերել համայնքին: Տարեկան հազարավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ են այցելում Նորավանքի վանական համալիր, հիանում նրա ճարտարապետական գեղեցկությամբ», – իր խոսքում ասել է Շ. Ղարախանյանը:

Նա կարևորել է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքը շրջակա միջավայրի, ժառանգած մշակութային արժեքների նկատմամբ:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով նաև սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել «Արփի» բնապատմական արգելոցի, Արենի գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում:

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցներն էլ «Վայոց ձորի հոգևոր և աշխարհիկ հուշարձանները» թեմայով բաց դաս են անցկացրել Վայք քաղաքի զորամասերից մեկում: Միջոցառման ընթացքում խոսվել է մարզի մշակութային կյանքի ու հայկական ճարտարապետական հուշարձանների մասին: Զինծառայողներին հուշարձանները ներկայացվել են լուսապատկերային ցուցադրությամբ:

2017-04-21T16:37:12+00:00 18 / 04 / 2017|Լրահոս, Նորություններ|