ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը միջոցառումներ են անցկացվել ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

«Զվարթնոց» արգելոց-թանգարանի ու «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի («Հայաստան ծառատունկ» ծրագիր) աշխատակիցների ջանքերով ծառատունկ է կազմակերպվել` տնկվել են 50 պտղատու ծառ և 210 բուրանոճի: Տոնի առիթով արգելոց-թանգարանում «Ամեն մի կոթող մի ըմբոստ ոգի» խորագիրը կրող դասախոսություն և լուսանկարների ցուցադրություն է անցկացվել: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց – թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը ներկայացրել է Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմե, Գայանե, Զվարթնոց, Շողակաթ պատմամշակութային հուշարձանները, կարևորել մշակութային արժեքների պահպանությունը:

Միջոցառումների շրջանակում Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտների համար «Պատմամշակութային ժառանգության գիտակներ» խորագրով մրցույթ-վիկտորինա է անցկացվել: Մասնակիցներն արժանացել են խրախուսական մրցանակների:

ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության նախաձեռնությամբ էլ հանրակրթական դպրոցների ու ժամկետային զինծառայողների մասնակցությամբ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Արմավիրի մարզի 25` Արշալույս, Արագած, Դողս, Էջմիածին, Ջրառատ և այլ համայնքների Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքներում:

Արմավիրի քաղաքային զբոսայգում մարզային ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ դպրոցականների համար կազմակերպվել է նաև հուշարձաններին վերաբերող բաց դաս: