«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ»-Ը՝ ԳԻՐԸ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն էր։ Հայաստանը 2005 թ. միացել է «Թանգարանների գիշեր» նախաձեռնությանը։ Այս ակցիան սկիզբ է առել 1999 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով. ֆրանսիական թանգարաններում գարնանային որևէ կիրակի հասարակության համար անվճար` «բաց դռների»օր հայտարարելով ու անվանակոչելով «Թանգարանային գարուն»: Նախաձեռնությունն արժանանում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրների ուշադրությանն ու Եվրոպայի խորհրդի աջակցությանը: 2001 թ. այն վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի և ընդլայնում ոչ միայն ակցիայի մասնակից երկրների աշխարհագրությունը, այլև աջակցողների ու համակիրների ցանկը: Մայիսի 19-ին հանրապետության 63 թանգարաններում երեկոյան ժամը 18.00-ից մինչև կեսգիշեր դռները բաց էին բոլորի առջեւ՝ մուտքն անվճար էր։

Թանգարաններում ներկայացվեցին տոնական միջոցառումներ, ցուցադրվեցին հավաքածուների բացառիկ արժեքները: «Թանգարանների գիշեր» ակցիան «Գիրը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո էր՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն։

Մշակութային միջոցառումներ անցկացվեցին մասնավորապես «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց թանգարանում /լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար/, «Մեծամոր»պատմահնագիտական արգելոց-թանգարանում /հատուկ կարիքներով լսարանի համար/։ Արվեստասերներին տարբեր միջոցառումներով ներկայացել էին նաեւ Հովհ. Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երեւանի պատմության թանգարանները, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Շիրազի, այլոց տուն- թանգարանները։ Հետաքրքրությունը մեծ էր, մարդկանց հոսքը՝ տպավորիչ։

Թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար, մայրաքաղաքի և մարզերի մի շարք թանգարանների մի շարք աշխատակիցներ թանգարանների միջազգային օրը պարգևատրվեցին Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով ու պատվոգրերով:

2012-05-22T18:07:30+00:00 22 / 05 / 2012|Լրահոս|