ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԸ ՀԻԱՑՆՈՒՄ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ

Վայոց ձորի մարզում ապրիլի 18-ին միջոցառումների շարք է անցկացվել: Հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցների, ուսումնական հաստատությունների, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Օրվա աշխատանքներն ամփոփվել են Եղեգիս համայնքում գտնվող «Զորաց» տաճարի մոտ: «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» թեմայով զեկուցումով հանդես է եկել ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը` իր խոսքում կարևորելով մարզի զբոսաշրջային գրավչությունը:

«Դարերի խորքից մեզ ժառանգություն հասած Վայոց ձորի մշակութային այդ անձեռակերտ կոթողները, որոնք սփռված են ամենուր` եկեղեցու, տաճարի, խաչքարի կամ տապանաքարի տեսքով, իրապես հիացնում են Վայոց ձոր այցելող զբոսաշրջիկներին: Յուրաքանչյուրիս պարտքն է պահել ու հաջորդ սերունդներին անխաթար փոխանցել այս գանձերը», – իր խոսքում ասել է ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը:
Միջոցառման մասնակիցները ծանոթացել են նաև «Հուշարձանները մանուկների աչքերով» մրցույթի լավագույն մասնակիցների նկարած աշխատանքներին: Դրանք ցուցադրվել էին եկեղեցու բակում:

Գետափ համայնքի ազգային պարերի համույթը և Եղեգիսի դպրոցի շնորհալի սաները հանդես են եկել կատարումներով:

Միջոցառման ավարտին ՀՀ վայոց ձորի մարզպետի անունից շնորհակալագրեր ու պատվոգրեր են հանձնվել միջոցառումների կազմակերպիչներին, այդ թվում նաև ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի պատասխանատուներին: Մարզային ծառայության կողմից էլ հուշանվերներ են հանձնվել ժամկետային զինծառայողներին, Արտաբույնքի համայնքապետին:

Բաց դասեր, հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են անցկացվել նաև
«Գլաձորի համալասարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցների նախաձեռնությամբ: Թանահատի վանական համալիրի տարածքում իրականացված շաբաթօրյակի աշխատանքներին զուգահեռ` արգելոց-թանգարանի աշխատակիցները դպրոցականներին պատմել են վանական համալիրի և մարզի այլ հուշարձանների մասին:

2017-04-19T16:35:43+00:00 19 / 04 / 2017|Լրահոս, Նորություններ|