ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՎԱՀԱՆԱՎԱՆՔ

ՎԱՀԱՆԱՎԱՆՔ
Սյունիքի մարզ
ք.Կապան
պետ. ցուցիչ N 8.1.9.7

Վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին, Տիգրանասարի լանջին: Հիմնադրել է Սյունյաց նահանգի Բաղք գավառի գահակալ իշխան Ձագիկի որդի Վահանը` X դ.: Նրա անունով էլ վանքը կոչվել է Վահանավանք:  Վանական համալիրը բաղկացած է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց (911 թ.), գավթից, սյունասրահից (XI դ. կես)  և Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցուց (1086 թ.): Համալիրի եկեղեցին, գավիթը և սյունասրահը 1046 թ. վերակառուցել է Իշխանաց իշխան Գրիգորը (հետագայում Սյունյաց թագավոր Գրիգոր Ա):

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի – Համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառույցի շինարարությունը ավարտվել է 911 թ.: Այն մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է  և կառուցված է սրբատաշ բազալտից:

Գավիթ – Կից է եկեղեցուն արևմտյան կողմից: Այն կառուցել է Վահանավանքի վանահայր  և Սյունյաց մետրոպոլիտ Վահան Ջևանշիրյանը XI դ. կեսին: Գավիթը ուղղանկյուն դահլիճ է` 3 թաղակիր կամարներով: Գլխավոր մուտքը հարավից է և բացվում է դեպի կից սյունասրահը:

Սյունասրահ -Հարավից կից է գավթին: Կամարակապ դահլիճ է: Ձգվում է եկեղեցու և գավթի ողջ երկարությամբ: Այս բոլոր կառույցները կղմինդրածածկ են:

Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցի – Գտնվում է վանական համալիրից դեպի հարավ, բարձունքի վրա: Ըստ պահպանված արձանագրության եկեղեցին 1086 թ. կառուցել են Սյունյաց թագուհի Շահանդուխտը  իր քրոջ` Կատայի հետ միասին: Այն դասվում է երկհարկանի դամբարան-եկեղեցիների շարքին: Նրա առաջին հարկը կառուցված է որպես դամբարան, որի վրա բարձրանում է եկեղեցու շենքը: Այն թաղածածկ, փոքր, միանավ  եկեղեցի է, որը հյուսիսից և արևելքից ունի սյունազարդ պատշգամբ: Եկեղեցու չափերը ավելի փոքր են քան առաջին հարկի դամբարանինը, որի հետևանքով հյուսիսային և արևելյան մասում առաջացել է շրջանցող հարթակ: Կառուցված է սրբատաշ բազալտից: Արևմտյան մասում անմշակ քարերով կառուցված գավիթն է:

Վահանավանքը հարուստ է վիմական արձանագրություններով: Բազմաթիվ խաչքարերի և տապանաքարերի վրա պահպանված վիմագրերը վկայում են, որ Վահանավանքը եղել է Սյունյաց  և Աղվանից աշխարհի թագավորական, իշխանական տոհմերի պանթեոն:

Վահանավանքին կից գործել է վանական դպրոց, որտեղ ուսանել է կաթողիկոս Վահան Ա Սյունեցին: Ըստ վիմագրական տեղեկության վանքի տարածքում եղել են ևս երկու եկեղեցիներ` Ս. Հարություն և Ս. Սիոն, որոնց տեղադրությունը դեռևս պարզված չէ:

Հուշարձանախմբի տարածքում պահպանվել են նաև ընդարձակ գերեզմանոցի, աղբյուրի և բնակելի շենքերի մնացորդներ, որոնք վկայում են երբեմնի խոշոր վանական համալիրի գոյության մասին: 1966 թվականից վանքի տարածքում պարբերաբար կատարվել են պեղումներ (ղեկ. Գ. Գրիգորյան):

Վանքի տարածքում խորհրդային տարիներին և ապա 2006-2009 թթ. իրականացված  վերականգնման աշխատանքների արդյունքում ամբողջովին վերականգնվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրան կից գավիթը: Սյունասրահը մասնակիորեն է վերականգնվել: Ս. Աստվածածին եկեղեցին վերականգնվել է դեռևս խորհրդային տարիներին:
 

Հուշարձանի վերաբերյալ հիմնական գրականությունը.
 
Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Եր., 1986:

Գր. Գրիգորյան, Վահանավանք, Եր., 2007:

Յու. Թամանյան, Քարե տարեգրության վերականգնումը, Եր., 1981:

Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893:

Վանական համալիրի ընդհանուր տեսքը