ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ, Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի 7, 9 և 10-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ, «Կրթություն մշակութային ժառանգության ճանաչման և պահպանման միջոցով» խորագրով դաս է անցկացրել: Օրվա խորհրդին համահունչ, աշակերտներն անդրադարձել են Հայաստանի, Արցախի և աշխարհով մեկ սփռված հայկական հուշարձաններին, խոսել հայ միջնադարյան ճարտարապետների, մանրանկարիչների, խաչքարագործ վարպետների ու նրանց ստեղծած մշակութային արժեքների մասին, ինչպես նաև՝ միջնադարյան վանքերի, որտեղ կերտվել են աստվածաշունչ մատյաններ: Դասն ուղեկցվել է Մեղրու Սբ. Աստվածածին եկեղեցու «Կոմիտաս» երգչախմբի շարականների կատարումներով: Ինֆորմատիկայի դասաժամին երեխաների պատրաստած հուշարձանների լուսապատկերներից (սլայդներ) լավագույնը ցուցադրվել է միջոցառման ընթացքում:

Դասին ներկա են եղել դպրոցի փոխտնօրենը, ուսուցիչներ, ովքեր իրենց ելույթների ընթացքում կարևորել են հոգևոր և մշակութային դաստիարակությունը՝ հենց դպրոցական նստարանից:

Միջոցառման ավարտին մասնակիցները դիտել են «Ջուղա» ֆիլմը։

2017-04-26T12:59:29+00:00 20 / 04 / 2017|Լրահոս, Նորություններ|