ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լրահոս > ԱՐՑԱԽՑԻ ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԽՈՍԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
18009397_1029417227190749_999797742_n

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առիթով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում ամփոփել են հնագիտական պեղումների և պատմական հուշարձանների պահպանության ու վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանի փոխանցմամբ` «Քարինտակ» քարանձավի հնագիտական պեղումներն սկսվել են 2011թ., երբ Շուշիի և հարակից շրջաններում տարբեր հետախուզական պեղումներ արդեն ընթանում էին: Երիտասարդ հնագետներից կազմված արշավախմբի կազմում ընդգրկված են նաև Լեհաստանի Պոզնան և Կրակով քաղաքների համալսարանների մասնագետներ (հնամարդաբան, գենետիկ)։

Արշավախմբի ղեկավարը լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացրել է պեղավայրերը, կատարված աշխատանքները, ասելով, որ հայտնաբերված նմուշները` կենդանիների ոսկրանյութերը գենետիկական ուսումնասիրության կենթարկվեն:

Տիգրանակերտի հնագիտական պեղումների մասին էլ խոսել է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ասելով, որ Արցախի Հանրապետությունում պատմամշակութային ժառանգության պահպանությունը պետության ուշադրության կենտրոնում է: Տիգրանակերտ հնավայրը հետազոտվում է արդեն 13 տարի։ 2016 թ. պեղումներն իրականացվել են չորս հիմնական հատվածներում՝ ամրացված թաղամասի պարսպապատի, նույն թաղամասի հարավ-արևելյան դարավանդային տարածքներում, վաղ քրիստոնեական շրջանին պատկանող հրապարակում և արևելյան դամբարանադաշտում։ Լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացվել են քաղաքի աղյուսաշեն կառույցները, հայտնաբերված խեցեղենը, մյուս գտածոները։

2017թ. գարնանը հնագիտական մեկ այլ արշավախումբ ակտիվ աշխատել է Նոր Կարմիրավանի և Շուշիի Վերին մզկիթի հարակից տարածքներում: Պեղումների արդյունքների մասին գործընկերներին զեկուցել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը:

Միջոցառման ավարտին ոլորտի մի շարք նվիրյալներ պարգևատրվել են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Երախտագիտություն» մեդալով, արժանացել` Արցախի Հանրապետության վարչապետի հուշամեդալին: