ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ․ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետ Արկադի Դովլաթբեկյանը մարզային ծառայության անունից պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել Վազաշենի հիմնական դպրոցի՝ «Հուշարձանն իմ աչքերով» խորագրով շարադրության մրցույթի մասնակիցներին։

Օրեր առաջ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության և Վազաշենի հիմնական դպրոցի տնօրենի համատեղ նախաձեռնությամբ անցկացված «Հուշարձանն իմ աչքերով» խորագրով շարադրության մրցույթին մասնակցել են դպրոցի 5 – 7-րդ և 11- 12-րդ դասարանների տասնմեկ աշակերտներ, որոնցից երեքի շարադրությունները ճանաչվել են լավագույնը։ Հենց նրանք էլ արժանացել են մարզային ծառայության պատվոգրերին։

«Հուշարձանները տվյալ երկրի պատմական և մշակութային ժառանգության մի մասն են, դրանք ունեն և′ պատմական, և′ դաստիարակչական, և′ ճանաչողական նշանակություն։ Յուրաքանչյուր երկրի ազգային կերպարի և արժեքների մասին կարելի է պատկերացում կազմել հուշարձանների հետ ծանոթանալով»,- մեջբերումը լավագույնը ճանաչված երեք աշակերտներից մեկի՝ 9-րդ դասարանցի Լարիսա Կիրակոսյանի շարադրությունից է։

6-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Բախչագյուլյանը գրել է․ «Սիրտս թրթռում է հուզմունքից, արցունքներս խեղդում են կոկորդս․ ա՜խ, որքան դժվար է եղել ժողովրդիս անցած ուղին, խոնարհվում ու ծաղիկներ եմ խոնարհում ամեն մի հուշարձանին, լուռ խոսում եմ նրանց հետ ու լցվում նոր ուժով և հավատով․ մենք ուժեղ ենք ու անկոտրում»։

«Իսկ մենք՝ երիտասարդներս, կփորձենք պահել այդ թանկ հիշողությունները և կաշխատենք պահպանել այն հուշարձանները, որոնք հիմա կան և կանգուն են։ Մեր ուժերի ներածին չափով կպահպանենք դրանք և´ մարդկանցից, և´ բնությունից, և´ թշնամուց»,- հայրենի հուշարձանների նկատմամբ սերն այսպես է արտահայտել 12-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Շախբաթյանը։

Վազաշենի հիմնական դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի կարծիքով նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը, հայրենի հուշարձանները ճանաչելուն և հոգատարություն սերմանում պատմամշակութային հուշարձանների նկատմամբ։

2017-05-16T15:41:24+00:00 05 / 05 / 2017|Լրահոս, Նորություններ|