ՄԱՅԻՍԻ ԻՆՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնին, Բջնի համայնքի ղեկավար Արմեն Մաթևոսյանի, միջնակարգ դպրոցի տնօրեն Յաշա Սահակյանի, տարածքի հոգևոր հովիվ Տեր Արիստակես քահանա Բաղալյանի հետ համատեղ միջոցառում է անցկացրել։ Համայնքի ԵԱԶ-ի հուշարձանի տարածքում կազմակերպված միջոցառումը նվիրվել է հուշարձանի կառուցման 50 և Շուշիի ազատագրման 25- ամյակին, Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձին:

ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժինը և ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը համատեղ ներկայացրել են Կոտայքի մարզի «ԵԱԶ-ի հուշարձաններ, հուշաղբյուրներ և Արցախյան պատերազմի զոհերի հուշաքարեր» շարժական ցուցավահանակները և «Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ցուցադրություն։

Միջոցառումը բացվել է Տեր Արիստակես քահանա Բաղալյանի աղոթքով, ապա` ելույթ են ունեցել մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը, դպրոցի տնօրեն Յաշա Սահակյանը, զինղեկ ավագ լեյտենանտ Միքայել Պողոսյանը: Միջոցառումն ավելի հուզական են դարձրել դպրոցականները՝ հայրենասիրական թեմաներով հայտնի երգերի և չափածո ստեղծագործությունների կատարմամբ։

Մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում Մեծ Հայրենականին նվիրված, Արցախյան պատերազմից հետո կառուցված հուշարձաններին, հուշաղբյուրներին, հուշակոթողներին, խոսել դրանց առանձնահատկությունների, մոնումենտալ և ճարտարապետական լուծումների, ինչպես նաև դրանց պահպանվածության վիճակի և մշտական խնամքի անհրաժեշտության մասին։

Տոնական միջոցառումներ են տեղի ունեցել նաև մարզի գրեթե բոլոր բնակավայրերում։

2017-05-16T12:40:28+00:00 10 / 05 / 2017|Լրահոս, Նորություններ|