ՎԻՇԱՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ․ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԶԱՐԴԱՐԵԼ Է ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության և Աշտարակի քաղաքապետարանի հետ համատեղ տոնական միջոցառում է անցկացվել Աշտարակի՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանի մոտ։ Միջոցառման ընթացքում առանցքային դերակատարում է ունեցել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի պատրաստած «Վիշապի հետքերով» լուսանկարների բացօթյա ցուցադրությունը, որտեղ ընդգրկվել են հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններում տեղադրված վիշապաքարեր։

Վիշապաքարերը սովորաբար տեղադրվել են բարձր լեռնային շրջաններում, աղբյուրների, գետերի ու լճերի մոտ, քանի որ ըստ հնագիտական պնդումների դրանք կապված են ջրի պաշտամունքի հետ։ Բրոնզի դարաշրջանում վիշապի պաշտամունքն, ըստ ամենայնի, եղել է նաև Արագածոտնի մարզում: Աշտարակում ներկայացված «Վիշապի հետքերով» ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել։

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, ՊՈԱԿ-ի ցուցադրությունների բաժնի վարիչ Էլմիրա Եսայանը։ Ցուցադրությունը ներկայացնելուց բացի` Էլմիրա Եսայանը հատուկ շնորհակալություն է հայտնել Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին՝ այդ տարածաշրջանի հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունքի և հանրհռչակման գործում կատարած մեծ աշխատանքի ու աջակցության համար։

Հենց այդ նվիրումի, հուշարձանների բարեկարգման ու հանրահռչակման գործում ակտիվ մասնակցության համար էլ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը պարգևատրել է շնորհակալագրով ։

ՊՈԱԿ-ի և Աշտարակ քաղաքի համագործակցությունը շարունակական է լինելու։

2017-05-16T12:37:54+00:00 10 / 05 / 2017|Լրահոս, Նորություններ|