ՄԵՆԿԱՐԿԵԼ Է «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը և ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուներն այսօր հյուրընկալվել էին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում: Կրթօջախը և մարզային ծառայությունն ակտիվ համագործակցում են, համատեղ միջոցառումներ իրականացնում: Դպրոցի աշակերտներն ու մանկավարժները մասնակցում են հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներին:

Այս գործակցության համատեքստում էլ «Միջնադարյան Հայաստանի ճարտարապետական ժառանգություն» խորագրով կրթական ծրագրի մեկնարկն սկսվեց 1200 աշակերտ ունեցող դպրոցից:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը, ողջունելով բարձր դասարանների աշակերտներին, մանկավարժներին, նշել է, որ նման միջոցառումները մատաղ սերնդի կրթական դաստիարակության հարցում կարևոր տեղ են զբաղեցնում: Մեր մշակութային ժառանգության ճանաչումը, դրանց նկատմամբ հոգատար վերաբերմունքը բոլորիս պարտքն է, ասել է նա, հավելելով, որ ՊՈԱԿ-ը նախատեսում է նման միջոցառումներ անցկացնել նաև մյուս մարզերի դպրոցներում:

ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի ավագ գիտաշխատող Սերոբ Հունանյանը համառոտ ներկայացրել է ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանները, խոսել դրանց տարածքում գտնվող պատմական հուշարձանների նշանակության մասին:

Լուսապատկերային ցուցադրությամբ դպրոցականներին բավականին հետաքրքիր տեղեկություններ է փոխանցել ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը: Միջնադարյան հայկական եկեղեցիները նա ներկայացրել է փաստագրական տվյալներով, խոսել դրանց ճարտարապետական արժեքի, պատմական նշանակության մասին, մեջբերել ավանդապատումներ:

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանն էլ անդրադարձել է մարզի հուշարձանների պահպանությանը, մարզային ծառայության աշխատանքին, հուշարձանների նկատմամբ կատարվող իրավախախտումներին: Նրա խոսքով այս տարվա ընթացքում նման 5 դեպք է արձանագրվել:

Ամփոփելով միջոցառումը կրթօջախի տնօրեն Սվետլաննա Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել, որ հենց թիվ 2 դպրոցն է ըտնրվել այս միջոցառման համար: Նա համոզմունք է հայտնել, որ կրթամշակութային համատեղ ծրագրեր առաջիկայում ևս կիրականացվեն:

Նշենք, որ մայիսի 28-ին նախատեսվում է ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների, կրթօջախի աշակերտների, մանկավարժների մասնակցությամբ արշավ կազմակերպել Հատիսի գագաթ:

2017-05-16T11:18:40+00:00 12 / 05 / 2017|Լրահոս, Նորություններ|