ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր > Նորություններ > «ՃԱՆԱՉԵՆՔ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ» . ԲԱՑ ԴԱՍ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
18447549_1345776732209565_3423947908574045962_n

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտին անցկացվել է «Ճանաչենք Վայոց ձորի հուշարձանները» թեմայով բաց դաս: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության և թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենության ջանքերով կրթօջախի համակարգչային կենտրոնը զարդարվել էր մշակութային արժեքներին ու դրանց պահպանությանը նվիրված կարգախոսներով: Ողջունելով մասնակիցներին` մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանն ասել է, թե ուսումնական տարվա ավարտին վստահորեն կարելի է ասել, որ դպրոցականները ոչ միայն հանրակրթական առարկաներից են բարձր գիտելիքներ ձեռք բերել, այլև հարստացրել են իրենց իմացությունը մեր երկրի, մեր պատմության, Վայոց ձորի մշակութային փառահեղ անցյալի մասին տեղեկատվությամբ:

«Մենք գիտենք, որ Վայոց ձորն, ինչպես և մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածը, թանգարան է բաց երկնքի տակ: Հայաստանով հպարտանում ենք ոչ միայն մենք` հայերս, այլև օտարազգի մշակութային գործիչները», -նշել է Մ.Դովլաթյանը` մեջբերելով աշխարհահռչակ նկարիչ Ռոքուել Քենտի խոսքը. «Եթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է առավել շատ հրաշքների հանդիպել, ես առաջինը կտայի Հայաստանի անունը։ Ակամայից զարմանում ես, որ աշխարհի այսպիսի փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի կոթողների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել աշխարհի զարդն ու պարծանքը։ Երիցս կեցցես դո′ւ, հո′ղ հայկական, օրրա′ն տաղանդների, օրրա′ն մեծագործությունների»:

Այնուհետև, կրթօջախի սաները բաժանվելով թիմերի` «Նորավանք» և «Արատես», մրցել են մարզի պատմամշակութային ժառանգության մասին գիտելիքներով: Վայոց ձորի հուշարձանների պատմությանը վերաբերող բազմաբնույթ հարցերին նրանք պատասխանել են հստակ ու անսխալ:
Մրցույթն ընդհատվել է աշակերտների գեղեցիկ ասմունքով, ազգային երգերի և պարերի կատարումներով, իսկ փուլերի ընդմիջումների ժամանակ երեխաները հանդես են եկել իրենց պատրաստած յուրօրինակ զգեստների ցուցադրությամբ:

Ամփոփելով արդյունքները` հանձնաժողովի նախագահ, Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը հայտարարել է հաղթող թիմի անունը` «Արատես»:

Նշենք, որ «Տարվա լավագույն դասարան» տիտղոսին է արժանացել դպրոցի 6-րդ «բ» դասրանը` ստանալով փայտյա գիրք-հուշանվեր:

Մրցույթի ավարտին ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը մրցանակներ ու հուշանվերներ է հանձնել մասնակից թիմերի անդամներին: