«ԱՐՑԱԽՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ». ԲԱՑ ԴԱՍ ԱՐԵՆԻԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Թանգարանների միջազգային օրն «Արցախյան քառօրյա պատերազմ» թեմայով բաց դաս է անցկացվել «Արփի» բնապատմական արգելոցում: Արենիի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին մասնաճյուղի վարիչ Շաքե Ղարախանյանը պատմել է ապրիլյան ռազմական գործողությունների, սահմանը պահող հայ քաջորդիների սխրանքների մասին:

«Հայոց բանակն ու հայ ժողովուրդը կրկին անգամ ապացուցեցին իրենց հայրենասիրությունն ու մարտունակությունը, նաև այն, որ նույնիսկ թշնամու հանկարծակի հարձակումն ի զորու չէ կոտրելու հայի խիզախ ոգին», – ասել է Շաքե Ղարախանյանը։

Դպրոցի տնօրեն Ավետ Հայրապետյանը զուգահեռներ է անցկացրել արցախյան 1988-94 թթ. և 2016թ. ապրիլյան պատերազմների միջև:

Արենի և Արփի համայնքների դպրոցականներն այցելել են «Մոմիկի» թանգարան: ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, ողջունելով դպրոցականներին, ներկայացրել է օրվա խորհուրդը, շեշտել պատմամշակութային արժեքների պահպանության կարևորությունը։ Թանգարանում աշակերտները ծանոթացել են ցուցանմուշներին: Նրանց պատմել են Օրբելյան իշխանական տան տոհմածառի, ճարտարապետ Մոմիկի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին:

Դպրոցականները շրջել են նաև Նորավանքի վանական համալիրում և ծանոթացել եկեղեցիների կառուցման պատմությանը:

2017-10-31T14:24:31+00:00 19 / 05 / 2017|«Արփի» բնապատմական արգելոց|