ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Լոռու ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ համապետական շաբաթօրյակին սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել Սանահինի վանական համալիրի և Քոբայրավանքի տարածքներում։

Լոռու մարզի միջնադարյան այս երկու գոհարները մշտապես մարզային ծառայության ուշադրության կենտրոնում են, այս անգամ հուշարձանները մաքրվել են կենցաղային աղբից, հեռացվել են չորացած թփերն ու բարեկարգվել են համալիրների տարածքները։

Համապետական շաբաթօրյակի ընթացքում ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը, ՏԻ մարմինների հետ համագործակցությամբ, «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում, հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ է իրականացրել մարզպետարանի, Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակիցների, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ: Մաքրվել ու բարեկարգվել են Գոշ համայնքում գտնվող Ս. Գևրորգ (պետ. ցուցիչ՝ 10.23.9), Գոշավանքի վանական համալիր (պետ. ցուցիչ՝ 10.23.14) և Դամբարան Մխիթար Գոշի (պետ. ցուցիչ՝ 10.23.2.1) հուշարձանների տարածքները, որից հետո տեղափոխվել է կուտակված աղբը։

Վերը նշված աշխատանքների համատեղ կազմակերպումը և անցկացումը մեկ անգամ ևս փաստեց, որ պատմամշակութային ժառանգության նկատմամբ հոգածությունը ոչ միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, այլև համապետական և համազգային խնդիր է:

2017-06-05T13:53:25+00:00 29 / 05 / 2017|Լրահոս, Նորություններ|