ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ
Կոտայքի մարզ
գ. Գեղարդ
պետ. ցուցիչ N 6.24.29.

Միջնադարյան Հայաստանի այս վանական համալիրը գտնվում է Երևանի հարավարևելյան կողմում, 35-40 կմ հեռավորության վրա, Երևան-Գառնի-Գողթ ճանապարհին: Ըստ ավանդության հիմնադրվել է IV դ. սկզբին: Վաղ շրջանում քարայրային կառույցների համար կոչվել է Այրիվանք, իսկ XIII դարից սկսած նաև Գեղարդ` վանքում պահված սուրբ գեղարդի պատվին: Եղել է Հայաստանի միջնադարյան գրչության խոշոր կենտրոներից մեկը: Պահպանված հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս , արևմտյան կողմում գտնվող XII դարի կիսաժայռափոր մատուռն է: Հիմնական հուշարձանախումբը ձևավորվել է XIII դարում, որն իր  մեջ ներառում է  գլխավոր եկեղեցին (կաթողիկե), կից գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիներ, ժամատուն-դամբարանը, խուցերը` պարփակված XVII դ. կառուցված պարսպապատի մեջ: Հայաստանի վիմափոր հուշարձանների մեջ Գեղարդավանքը ժայռակոփ արվեստի առանձնակի կառույց է: Գլխավոր եկեղեցուն կից` հյուսիսային հսկայածավալ ժայռի տարբեր բարձրությունների վրա,  փորված են մի ամբողջ հուշարձանախումբ` երկու ոչ մեծ եկեղեցի, մեկ գավիթ (վերևում) և սյունազարդ ժամատուն-դամբարան (ներքևում): Վանքի շրջապատում կան գեղաքանդակ բազմաթիվ խաչքարեր և ժայռափոր խուցեր:

Համալիրը 2000 թ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

Մատուռ – կիսաժայռակոփ, գտնվում է վանական համալիրի հիմնական հուշարձանախմբից արևմուտք:  Պատին փորագրված են նվիրատվական մի քանի արձանագրություններ, այդ թվում նաև XII դարի (1177, 1181թթ.):

Գլխավոր եկեղեցի (Կաթողիկե)- Կառուցվել է 1215 թ. Զաքարյանների իշխանության ժամանակ: Կառուցման արձանագրությունը փորագրված է արևմտյան ճակատի մուտքի վերևում: Հատակագծային և ծավալա-տարածական հորինվածքով պատկանում է Հայաստանի խաչաձև գմբեթակիր կառուցվածքների XII-XIII դդ. բնորոշ տիպին: Հատակագիծը ձգված ուղղանկյունի է, ներգծված խաչով, որի ուղիղ կենտրոնից վեր է խոյանում քառակուսի հիմքերի վրա խարսխված սլացիկ գմբեթը: Գմբեթակիր քառակուսուց անցումը թմբուկի կորին իրականացվել է առագաստների միջոցով: Խաչի արևելյան թևը պսակված է կիսաշրջանաձև ավագ խորանով, իսկ մյուս թևերը ընդարձակվելով ստացել են ուղղանկյան տեսք` ծածկված գլանաձև թաղերով: Խաչի թևերի չորս անկյուններում կառուցված են երկհարկանի ավանդատներ` թաղակապ ծածկով, արևելյան կողմում` փոքրիկ խորաններով: Պատերի վրա պահպանված արձանագրություններից երևում է, որ ավանդատներից յուրաքանչյուրը կառուցվել է  տարբեր անձանց միջոցներով: Ներքին հարդարանքը մշակված է XII-XIII դդ. ճարտարապետական արվեստի ոճով: Հարդարանքի վարպետ կատարմամբ առանձնանում է հատկապես թմբուկը և հարավային շքամուտքը:

Գավիթ (Գլխավոր եկեղեցու ժամատունը) – Կառուցվել է 1215-1225 թթ. ժամանակահատվածում: Արևելյան կողմով հպված է գլխավոր եկեղեցու արևմտյան ճակատին, իսկ հյուսիսային պատին փոխարինում է բնական ժայռը: Պատկանում է կենտրոնակազմ, չորս սյուներով գավիթների տիպին:  Հատակագիծը ուղղանկյուն է /գրեթե քառակուսի/: Հորինվածքի կենտրոնում հավասար հեռավորության վրա ազատ կանգնած են չորս զանգվածեղ սյուներ, որոնցից մինչև դիմացի պատերի որմնասյուները տարածվող կամարները ներքին տարածությունը բաժանում են մեկ խոշոր (կենտրոնական) և ութ առավել փոքր հատվածների: Շինության գլխավոր առանցքը կազմում է կենտրոնական հատվածը` ծածկված շթաքարե (ստալակտիտային) նրբաքանդակ թաղով:

Առաջին եկեղեցի – ժայռակոփ, գտնվում է գլխավոր եկեղեցու գավթի հյուսիս-արևմտյան կողմում: Կառուցվել է Իվանեի որդի մեծ իշխան Ավագի իշխանության օրոք (XIII դ. 30-40-ական թվականներից մինչև 1250 թվականը ընկած ժամանակահատվածում): Հատակագիծը ոչ լրիվ խաչաձև է, հարավային թևը գրեթե բացակայում է (այն ուղղակի հնարավոր չէր  կառուցել, գավթի պատի համար մնացած տեղի սղության պատճառով): Ծածկված է XIII դ. բնորոշ խաչաձև կամարների վրա հանգչող նրբագեղ շթաքարե գմբեթով: Գմբեթակիր քառակուսու վրա` նռան քանդակներով զարդարված խաչաձևվող կամարների վերևում, արձանագրված է. ՙԶվարդպետս Գալձագ յիշեցեք՚: Գալձագը համարվում է վանքի ժայռափոր կառույցները կերտող ճարտարապետը: Եկեղեցու մեջ կա ժայռերից բխող սառնորակ աղբյուր (ՙՍուրբ աղբյուր՚):

Երկրորդ եկեղեցի – Ժայռակոփ, գտնվում է գլխավոր եկեղեցուն կից գավթի հյուսիսարևելյան կողմում: Բաղկացած է եկեղեցուց և գավթից: Գլխավոր եկեղեցու խորանի հյուսիսային պատի շինարարական արձանագրության համաձայն եկեղեցին և գավիթը կառուցվել են Պռոշ իշխանի օրոք, 1283 թ.: Եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի է: Պատերից սկզբնավորվող կիսաշրջանաձև կամարների վրայից բարձրանում է թմբուկը` պսակված գմբեթի քանդակազարդ կիսագնդով: Ինչպես եկեղեցու, այնպես էլ գավթի պատերը ծածկված են քանդակներով: Մուտքը եկեղեցի անցնում է գավթի միջով: Վերջինս ոչ մեծ չափերի ուղղանկյուն հատակագծով կառույց է և հավանաբար Պռոշյանների տոհմական տապանատունն է: Գավթի մուտքի առանցքի ուղղությամբ ստեղծված կամարների ճակատային մասում քանդակված է եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծների, իսկ ավելի ներքև պատկերված է արծիվ` խոյը ճիրաններում: Ենթադրվում է, որ դա Պռոշյանների տոհմական զինանշանն է:

Պապաքի և Ռուզուքանի ժամատուն-դամբարան -  Ժայռակոփ, գտնվում է ժայռի վերին մասում: Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կին Ռուզուքանի դամբարանն է, կառուցվել է 1288 թ – ին: Չորս անջատ սյուներով կենտրոնակազմ հորինվածքի է: Դամբարանն ունի առանձին թունելանման մուտք, մոտ 10 մ երկարությամբ:

Դահլիճ – ժայռակոփ, գտնվել է վանքի գլխավոր մուտքից հյուսիս արևմուտք: Հետազոտվել է 1932 թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարած պեղումների ժամանակ: Պեղումներից որոշ ժամանակ անց, ժայռի փլուզման հետևանքով, գրեթե ամբողջովին ոչնչացվել է: Խոշոր դահլիճ է (5 մետր բարձրությամբ, 9×15 մետր չափերով), աշխարհիկ նշանակությամբ: Հավանաբար եղել է գրադարան, ժողովասրահ կամ սեղանատուն: Թ.Թորամանյանը գրել է, որ մաքուր հղկված են բոլոր որմնակամարները, խորշերը, որմնասյուները, ամբողջ քարայրը` առաստաղով և հատակով: Կառուցվել է XIII դ. II-րդ կեսին, Պռոշ իշխանի օրոք, որի անունը հիշատակված է արևմտյան պատին փորագրված արձանագրության մեջ:

Վանքը իր գոյության ընթացքում բազմիցս ավերվել է, ոչ միայն արտաքին հարձակումների, այլ նաև երկրաշարժերի հետևանքով և վերակառուցվել: Հիմնավորապես վերանորոգվել է խորհրդային իշխանության տարիներին (1934, 1940, 1960-1961թթ.):

Հուշարձանի վերաբերյալ հիմնական գրականությունը.

ՍՏ. Մնացականյան, Երևանը և նրա շրջակայքը, Եր., 1971:

Ա. Սահինյան, Գառնի-Գեղարդ, Եր., 1978:

Յու. Ա. Թամանյան, Քարե տարեգրության վերականգնումը, Եր., 1981: