ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնական միջոցառում է անցկացվել նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ Ցուցադրվել են համայնքի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները՝ նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 ամյակին։ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունն էլ միջոցառմանը ներկայացրել է մարզի նշանավոր պատմամշակութային հուշարձանների լուսանկարների 11 շարժական ցուցավահանակներ։

Միջոցառումը բացվել է մանուկներին ուղղված Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի շնորհավորական մաղթանքներով: Այնուհետև, երաժշտության հնչյունների տակ մանուկները ստեղծել են իրենց զվարճալի կավճանկարները, իսկ մեծահասակները՝ դիտել ցուցադրությունները։

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը, ցուցադրությանը զուգահեռ, պատասխանել է հուշարձանների պատմությանն ու պահպանությանը վերաբերող այցելուների բազմաթիվ հարցերին։

Հուշարձանների ցուցադրությունը դիտել է նաև Կիլիկիայի հայերի պատմության Նոր Հաճնի թանգարանի տնօրեն Հայաստան Սիմոնյանը, որը ցուցանմուշները գնահատել է ուսանելի և հետաքրքիր: Նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզի հուշարձանների ցուցադրությունն առաջիկայում ներկայացնել նաև վերոհիշյալ թանգարանում։

2017-06-06T11:27:03+00:00 01 / 06 / 2017|Լրահոս, Նորություններ|