ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ. ՊՈԱԿ-Ը ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՍԿԶԲՈՒՆՔ Է ՈՐԴԵԳՐՈՒՄ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը ս.թ. հունիսի 21-ին աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել Վայոց ձորի մարզային ծառայությունում: Նրանք լսել են մարզային ծառայության պատասխանատուններին, «Արփի» բնապատմական արգելոցի և «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչներին:

Խորհրդակցության սկզբում մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը լուսապատկերային ցուցադրության միջոցով ներկայացրել է ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող հուշարձանները: Նրա փոխանցմամբ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված 1400-ից ավելի պատմամշակութային արժեքների պահպանությունն իրականացնում է մարզային ծառայության 24 աշխատակից: Մ. Դովլաթյանը խոսել է նաև վտանգված ու առավել վտանգված հուշարձանների` Սմբատաբերդի, Սելիմի քարավանատան, Ցախաց քարի, Շատիվանք վանական համալիրի, Գնիշիկի գերեզմանատան, Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին ու Գնդեվազի եկեղեցիների, Քարկոփի վանական համալիրի և այլ հուշարձանների մասին: Մարզային ծառայության պետը, կարևորելով դրանց պահպանությունը, անդրադարձել է նաև այդ հուշարձանների ամրակայմանն ու վերականգնմանը:

Վայոց ձորի մարզն, անշուշտ, զբոսաշրջիկների պակաս չունի, սակայն, պատմամշակութային ժառագնության հանրահռչակումը կիրականացվի նոր նկատառումներով:

«Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ն աշխատանքի նոր սկզբունք ու մոտեցում է որդեգրում և առաջին հանձնարարականը տրվել է Վայոց ձորի մարզային ծառայությանը:

«Հուշարձանի պահապանը նաև մոնիթորինգ կիրականացնի` պարզելու, թե որ հուշարձաններն են հատկապես գրավիչ զբոսաշրջիկների համար, ինչն է հետաքրքրում նրանց և ինչը կարող է առավել նպաստել զբոսաշրջության զարգացմանը», -իր խոսքում նշել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենը հանձնարարել է մարզային ծառայության պետին յուրաքանչյուր 10-րդ օրը տեղեկատվություն տրամադրել իրականացվող մոնիթորինգի ընթացքի մասին: Նա կարևորել և խոսել է նաև զբոսաշրջային վայրերում ենթակառուցվածքների արդիականացման մասին:

Արա Թարվերդյանի մյուս հանձնարարականը վերաբերել է մարզի առավել ճանաչված հուշարձանների մասին հայերեն ամփոփ տեղեկույթներն անգլերենով թարգմանելուն: Նրա համոզմամբ տպագրվելիք ծալաթերթիկները (բուկլետները) ևս զբոսաշրջիկներին համառոտ կպատմեն մեր «մշակութային անձնագրերի» մասին:

2017-07-07T12:19:52+00:00 22 / 06 / 2017|Լրահոս, Նորություններ|