ՍԱՏՈՒՐՆ ՈՒ ՅՈՒՊԻՏԵՐ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ` «ՄԵԾԱՄՈՐ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ

«Ես տիեզերքի մի մասնիկն եմ» խորագիրը կրող կրթական ծրագիրը ս.թ. հունիսի 25-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում համախմբել էր բազմաթիվ այցելուների ու աստղագիտությամբ հետաքրքրվողների: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու «Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակակական կազմակերպության նախաձեռնած միջոցառման նպատակը կրթական ծրագրերի միջոցով այցելուների հետաքրքիր ժամանցն ապահովելն է, հնաստղագիտության ու դիտարկվող մարմինների մասին հետաքրքիր տեղեկություններ փոխանցելը:

«Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը թանգարանի գրավչությունն ապահովելուն է միտված: Ոչ միայն «Մեծամորը», որը ներկայացնելու պակաս չունի, այլև մեր մյուս արգելոց-թանգարանները` «Գառնին», «Զվարթնոցը» և մյուսները զբոսաշրջային այս եռուն շրջանում հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներ են խոստանում: Տեղացի, թե օտարերկրացի այցելուն պետք է տպավորված հեռանա թանգարանից` կրկին վերադառնալու որոշումով», -իր խոսքում նշել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

«Գուդրայք Ջոն» ՀԿ երիտասարդ անդամները լուսապատկերային ցուցադրությամբ մատչելի ներկայացրել են համաստեղությունները, դրանք աստղադիտակներով տեսնելու հնարավորությունները: Այնուհետև «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը մասնակիցների ու հյուրերի համար հետաքրքիր էքսկուրսիա է անցկացրել Մեծամորի հնավայրի և միջնաբերդից ոչ հեռու գտնվող Փոքր բլուրի` «աստղադիտարանի» տարածքում:

Դեռևս 1960-ական թթ. աստղագետ, ակադեմիկոս Էլմա Պարսամյանի կատարած աստղագիտական դիտարկումներն ու հետազոտությունները հնարավորություն են տալիս պնդելու, որ Մեծամորի «աստղադիտարանի» հարթակներից կատարվել են լուսատուների դիտարկումներ, իսկ մ.թ.ա. 2800-2600 թթ., թերևս, հնարավոր է եղել դիտել տարվա սկիզբն ավետող երկնքի ամենապայծառ աստղը` Սիրիուսը:

Ներկայացնելով «աստղադիտարանը»` Ա. Զաքյանը նշել է, որ այն ներառում է մի քանի ժայռահարթակ, որոնցից լավ պահպանվել են երեքը:

«Առաջինը եռանկյունաձև է և սուր անկյունով ուղղված դեպի հարավ: Այդ անկյան կիսորդը համընկնում է հյուսիս-հարավ ուղղությանը: Այն ծածկված է նշաններով, որոնք, հավանաբար, առնչվում են լուսատուների պաշտամունքին: Հատկապես աչքի են ընկնում շրջանաձև դասավորված 7 և 12 փոսիկներ: Երկրորդ հարթակը կողմնորոշված է միջօրեականի երկայնքով` գտնվում է հյուսիս-հարավ ուղղությամբ անցնող հարթության մեջ և 2,5 մետր բարձր է առաջինից: Երրորդում` վերջին աստիճանի վրա, փորագրված է հյուսիս-հարավ-արևելք նշան-կողմնորոշիչը, ինչն ամենահասարակ աստղագիտական դիտումներ կատարելու հնարավորություն է տալիս», -ասել է Ա. Զաքյանը:

Միջոցառման մասնակիցները ժամանակակից աստղադիտակների միջոցով ծանոթացել են համաստեղություններին, դիտել լուսնի շարժը, Երևակ (Սատուրն), Լուսնթագ (Յուպիտեր) մոլորակները, ինչպես նաև գալակտիկաներ, դիֆուզ ու մոլորակային միգամածություններ, ցրված ու գնդաձև աստղակույտեր, կրկնակի աստղեր:

Այցելուների հոսքը «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան շարունակվել է մինչև ուշ գիշեր:

2017-06-30T17:14:06+00:00 26 / 06 / 2017|Լրահոս|Comments Off on ՍԱՏՈՒՐՆ ՈՒ ՅՈՒՊԻՏԵՐ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ` «ՄԵԾԱՄՈՐ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ