ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ «ԳԱՌՆԻ» ԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԱՅՑԵԼԵՆ ‹‹ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏ››-ՈՎ

Շուրջ մեկ ամիս առաջ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հուշարձանների պահպանության ու հանրահռչակման համատեքստում գործակցության հիմքեր դրեց զբոսաշրջության զարգացման ոլորտի փորձառու «Գլոբալ կոլիբրի» ՍՊ ընկերության հետ:
«Գլոբալ կոլիբրի»-ն առաջնորդվում է Հայաստան ժամանած օտարերկրացի այցելուներին ժամանակակից ու բարձրակարգ ծառայություններ մատուցելու սկզբունքով` ելնելով այդ ոլորտում աշխարհի զարգացած երկրների փորձից:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Գլոբալ կոլիբրի» ՍՊԸ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը թևակոխել է գործնական փուլ: Առաջիկա օրերին ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում կներդրվի «POS TERMINAL» համակարգը: Հետագայում նախատեսվում է այն ներդնել նաև տոմսային համակարգ ունեցող մյուս արգելոց-թանգարաններում:

Գործակցության նոր ձևաչափի մասին փաստաթուղթը ս.թ. հունիսի 28-ին ստորագրել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարը և «Գլոբալ կոլիբրի» ՍՊ Ը գործադիր տնօրենը:

«Գառնին» ու «Զվարթնոցը» տեսնելու և հայկական ճարտարապետությամբ հիանալու համար մեր երկիր այցելած օտարեկրացի զբոսաշրջիկները կխնայեն նաև իրենց ժամանակը` բացառելով տոմսարկղի հերթերում սպասելը:

‹‹Երևան քարտ›› պլաստիկ քարտով (նախապես վճարելով ծառայությունների դիմաց) նրանք հնարավորություն կունենան անվճար մուտք գործել վերոնշյալ թանգարանների տարածքներ: Այցելուների թիվը կամրագրվի թանգարանի տոմսարկղում տեղադրված սարքի միջոցով, իսկ GPS վերահսկման համակարգը հնարավորություն կընձեռի վերահսկել ընթացքը:

Նշենք, որ զբոսաշրջիկների համար նախատեսված ‹‹Երևան քարտ›› փաթեթը հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել Հայաստանի շուրջ 30 թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ օգտվել զեղչային ճկուն համակարգից, տեղեկատվություն ստանալ հայկական խոհանոցի, մայրաքաղաքի տրանսպորտի և այլնի մասին:

Ի դեպ, «Երևան քարտի» պաշտոնական` yerevancard.com կայքէջում հնարավոր է ծանոթանալ ոչ միայն առաջարկվող ծառայություններին, այլև` մինչ թանգարան այցելելը համապարփակ տեղեկատվություն ստանալ ու 3 D ծրագրով կարճ էքսկուրս կատարել «Զվարթնոց», «Գառնի» և այլ հուշարձանների տարածքներ: