ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԾՆՆԴՅԱՆ 200 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Ծնվեց մահկանացու, իր մասին թողեց անմահ հիշատակ» խորագիրը կրող ցուցադրություն, որը նվիրված է աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 ամյակին։ Ներկայացվել են ծովանկարչի հայտնի կտավների լուսանկաների արտատպությունները՝ «Իններոդ ալիք», «Սև ծովը», «Նավաբեկություն», «Ծովափ» և այլն։

Արգելոց-թանգարանի էքսկուրսավարները հայ և օտարազգի այցելուներին հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով պատմել են Հովհաննես Այվազովսկու կենսարգրությունը, անդրադարձել նրա գործունեությանը և մանրամասն ներկայացրել գեղանկարչի հայտնի աշխատանքները։ Ինչպես միշտ այցելուներին անտարբեր չի թողել «Իններոդ ալիք» ստեղծագործությունը, որն, ի դեպ, ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն ծովանկարների շարքում։ «Իններոդ ալիք»-ը ցույց է տալիս մարդու անհավասար պայքարը բնության ահեղ տարերքի դեմ, բայց, այնուամենայնիվ, հեղինակը չի մոռացել լավատեսության մասին՝ հորիզոնում պատկերելով ծագող արևը», -այսպես է ներկայացրել կտավը արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը։

Անդրադառնալով Այվազովսկու «Սև ծովը» կտավին` բանախոսը մեջբերել է ռուս գեղանկարիչ Իվան Կրամսկոյի խոսքերը․ «Մենք ապշել էինք այդ պատկերի իմաստով և բարձր պոեզիայով»։