ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

01

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին երեկ հաճելի անակնկալ էր սպասվում: Համերգային ծրագրով «Գառնի»-ում հանդես են եկել «Մուշ» երգի ստուդիայի սաները։

Հեթանոսական տաճարը տեսնելու եկած օտարերկրացի ու տեղացի այցելուների համար օրվա տարբեր ժամերին հուշարձանի տարածքում ապահովված էր մշակութային գեղեցիկ միջավայր: Շուրջ 20 տարվա կենսագրություն ունեցող երգի ստուդիայի սաները (6-17 տարեկան երեխաներ) հանդես են եկել «Հայաստան», «Արարատ», «Երևան», «Շիրխանի», «Հայկական բանակ», «Վերցուք տղեք հրացան», «Ախպերս ու ես», «Նոր պար» և այլ կատարումներով։

Նույնիսկ ամռան կիզիչ տապը չի խանգարել փոքրիկ երգիչներին ու հուշարձանի տարածք այցելած հյուրերին: Միջոցառումն այնքան ջերմ ու տպավորիչ մթնոլորտ էր ապահովել, որ ակամայից համերգի մասնակիցն էին դարձել նաև օտարերկրացի հյուրերը, ովքեր հայկական երաժշտության հնչյունների տակ շուրջպար էին բռնել:

«Մուշ» երգի ստուդիայի ղեկավար Արթուր Սիմոնյանի փոխանցմամբ խումբը պատմամշակութային հուշարձանի տարածքում առաջին անգամ էր ելույթ ունենում և ինքը տպավորված է արդյունքից: Նա նշեց, որ հետագայում էլ այլ հուշարձանների տարածքներում նմանօրինակ միջոցառումների անցկացումը չի բացառում:

Իսկ համերգի այսպես կոչված «մեղավորները»` փոքրիկ կատարողները, տպավորված էին, ոչ միայն ջերմ մթնոլորտից, այլ նաև մեր մշակութային ժառանգության շքեղությամբ: Փոքրիկներից շատերն առաջին անգամ էին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, սակայն, բավականաչափ տեղեկացված էին հեթանոսական տաճարից: Նրանք հասցրել էին նաև էքսկուրս կատարել արգելոց-թանգարանի տարածքում ու ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: