ԾՄԱԿԱՀՈՂԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԵՂՈՒՄՆԵՐԻՑ ԵԶԱԿԻ ԳՏԱԾՈՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

2017թ. հունիսից պեղումներ են ընթանում Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Հնագիտական արշավախումբը ղեկավարում է հնագետ Համլետ Պետրոսյանը։ Պեղումները կատարվում են Ծմակահող գյուղի Վաճառի Սուրբ Ստեփանոսի դամբարանում, որի վրա հիմնված է եկեղեցի և մատուռ։ Հնագետների կարծիքով հայտնաբերված գտածոները եզակի են Արցախում։ Համլետ Պետրոսյանի խոսքով` կոթողը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 5-6-րդ դարերում, մի ժամանակաշրջանում, երբ Վաչագան Բարեպաշտը ռեֆորմներ էր իրականացնում, ստեղծվում էին Երուսաղեմում գտնվող Քրիստոսի գերեզմանին նմանվող արևելյան մուտքով դամբարաններ: Նմանատիպ շինություններից է նաև Ծմակահողի Սուրբ Ստեփանոսի դամբարանը։

Հնագետները պեղումների ընթացքում հայտնաբերել են բազմաթիվ աղյուսների և խաչքարերի բեկորներ։ Հետաքրքրական է վաղ քրիստոնեական շրջանի թևավոր խաչը, որն Արցախում հայտնաբերվել էր միայն Տիգրանակերտում և Բերդաշենում։ Գտածոների մեջ կան նաև վաղ քրիստոնեական մշակույթին վերագրվող խաղողի քանդակներով խաչակալի բեկորներ, ճրագմարիչ և այլն։ Հայտնաբերված գտածոների վերաբերյալ մասնագետները չեն շտապում եզրակացություններ տալ։ Դրանք դեռևս ուսումնասիրման կարիք ունեն, որից հետո միայն կներկայացվեն հանրությանը։

Բարերար Սուրեն Գրիգորյանի աջակցությամբ Ծմակահողի Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները շարունակվում են։

2017-07-11T15:30:26+00:00 10 / 07 / 2017|Լրահոս|