ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լրահոս > ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ ԿԱՐՈ ՂԱՖԱԴԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 110-ԱՄՅԱԿԻՆ
afisha gitajoxov

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է «Խոսրով Կոտակից մինչև Կարո Ղաֆադարյան» հանրապետական գիտաժողով` նվիրված մեծանուն հնագետ, վիմագրագետ, պատմաբան, թանգարանագետ Կարո Ղաֆադարյանի ծննդյան 110-ամյա հոբելյանին:

Հուլիսի 17-ին, ժամը 10-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դահլիճում (ք. Երևան, Տերյան 74) անցկացվելիք գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան ճանաչված գիտնականներ` Մուրադ Հասրաթյանը, Աշոտ Փիլիպոսյանը, Ֆրինա Բաբայանը, Նյուրա Հակոբյանը, Հայկ Ավետիսյանը և այլք` ներկայացնելով Կարո Ղաֆադարյանի անգնահատելի ավանդը հայ մշակույթի ու գիտության ոլորտում:

Մեծ ներդրում ունենալով պատմական հուշարձանների պահպանության, պեղումների և ուսումնասիրությունների գործում` Ղաֆադարյանը միաժամանակ հանրահռչակել է հուշարձաններն ու վիմագրական արձանագրությունները, հրատարակել գրքեր, հոդվածներ: 1936-1939 թթ. նա կազմակերպել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի առաջին գիտական ցուցադրությունը: 1940-1964 թթ. ղեկավարել է Հայաստանի պատմության պետական թանգարանը` դարձնելով այն երկրի կարևոր գիտամշակութային կենտրոններից մեկը:

Իր գիտական-ստեղծագործական կյանքի ավելի քան հինգ տարիները Ղաֆադարյանը նվիրել է հին և միջնադարյան ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանի ժառանգության հավաքման, խմբագրման, ծանոթագրության և տպագրության կարևոր գործին: 1946-1976 թթ. ղեկավարել է Դվինի արշավախումբը: Անվանի գիտնականը համարվում է Հայաստանում թանգարանային ցուցադրությունների գիտական նախագծման հիմնադիրը: