ԿԱՐՈ ՂԱՖԱԴԱՐՅԱՆԻ ԱՎԱՆԴՆ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ Է ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ԹԱՆԳԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Անվանի հնագետ, վիմագրագետ, պատմաբան, թանգարանագետ Կարո Ղաֆադարյանի ծննդյան 110-ամյակի առիթով, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ (Հայաստանի ազգային ագրարային համալսարանում) ս.թ. հուլիսի 17-ին անցկացված գիտաժողովի ընթացքում ոլորտի նվիրյալները արժևորել են Ղաֆադարյանի թողած անգնահատելի գիտական ժառանգությունը:

««Խոսրով Կոտակից մինչև Կարո Ղաֆադարյան» խորագիրը պատահական չէ ընտրված, ականավոր գործչին հնարավոր չէ ներկայացնել հակիրճ: Եթե Խոսրով Կոտակը ժամանակին հիմնել է Դվինը, ապա Ղաֆադարյանը մեր ու միջազգային հանրության համար բացահայտել է Հայաստանի հին մայրաքաղաքը : Ամենևին էլ չստվերելով այդ ժամանակաշրջանի մյուս գիտնականներին, ուզում եմ շեշտել, որ Ղաֆադարյանի ավանդը գիտության ոլորտում անգնահատելի է», -իր խոսքում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Խոսելով 1946-1976 թթ. Դվինի արշավախմբի ղեկավարի մասին ՊՈԱԿ-ի տնօրենը փաստել է, որ Ղաֆադարյանի հիմնած հնագիտության դպրոցի նվիրյալ հետևորդներն այսօրվա անվանի գիտնականներն են ու գիտաժողովի զեկուցողները:

ԳԱԱ թղթակից անդամ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանի փոխանցմամբ էլ Ղաֆադարյանը միաժամանակ պատմաբան էր, վիմագրագետ, ով իր գիտական-ստեղծագործական կյանքի ավելի քան հինգ տարիները նվիրել էր Թորոս Թորամանյանի ժառանգության հավաքման, խմբագրման, ծանոթագրության և տպագրության կարևոր գործին:

«Կարո Ղաֆադարյանի աշխատությունները հրատարակվել են Հայրենականի մեծ պատերազմի տարիներին, ինչը նշանակում է, որ այդ ծանր ժամանակաշրջանում էլ Թորամանյանի ժառանգությունը կարևորվել է» -նշել է Մ. Հասրաթյանը:

Կարո Ղաֆադարյանի որդու` ճարտարապետ Կորյուն Ղաֆադարյանի փոխանցմամբ Դվինի արշավախմբի նվիրյալ հնագետներն այսօր էլ աշխատում են նույն սիրով ու ոգևորությամբ, քանի որ հուշարձանը դեռ ուսումնասիրման կարիք ունի:

Զեկուցումներով հանդես են եկել նաև ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը, հնագետներ` Ֆրինա Բաբայանը, Նյուրա Հակոբյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, այլք:

Նշվել է, որ 1936-1937 թթ. Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ կառուցվել է «Զվարթնոց» թանգարանի շենքը, բացվել` առաջին գիտական ցուցադրությունը: 1940-1964 թթ. անվանի գիտնականը ղեկավարել է Հայաստանի պատմության պետական թանգարանը: Նա նաև համարվում է թանգարանային ցուցադրությունների գիտական նախագծման հիմնադիրը: