ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՈՒ ՕՏԱՐԱԶԳԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ստեփանակերտում օրերս ավարտվեց Երեւանում մեկնարկած «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով գիտաժողովը։ Տեղացի, սփյուռքահայ, նաեւ օտարերկրացի գիտնականների քննարկումների թեման արվեստի, ճարտարապետության, թանգարանագիտական, մշակութային ժառանգության պահպանության ոլորտին առնչվող, հնագիտական, թանգարանային, ազգագրական հարցեր էին, դրանց նորովի լուծումների ուղղություններ։ Գիտաժողովը խորհրդանշում էր Հայկական լեռնաշխարհի երկու անկախ պետությունների բազմադարյա ժառանգությունը պահպանելու, ուսումնասիրելու, հանրահռչակելու կարեւոր առաքելությունը։ Կազմակերպիչները՝ ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Արցախի Պետական համալսարանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն էր։ Փաստելով գիտաժողովի կարեւորությունը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հատկապես վերջին տասնամյակներում աննախադեպ ակտիվացել են Արցախի, Նախիջևանի, Ջավախքի և Արևմտյան Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու, կեղծելու, յուրացնելու և յուրովի «սրբագրելու» փորձերը որոշ հարևան նաև ոչ հարևան` վարձու, այսպես կոչված «մտավորականների» կողմից:
«Այս գիտաժողովը առաջին լուրջ և համակարգված պատասխանն է նման հավակնոտ ոտնձգություններին», – նշեց Ռ.Մարտիրոսյանը։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ողջունելով գիտաժողովը Երեւանում սկսելու ու Ստեփանակերտում ավարտելու գաղափարը համոզմունք հայտնեց, որ քննարկումները կլինեն արդյունավետ, այսօրինակ ձեռնարկները՝ շարունակական։
«Պատմության ու մշակույթի, հոգեւորի պահպանումը յուրաքանչյուր ազգի գերխնդիրն է։ Հայաստանի շուրջ 25.000 հուշարձան պետական հոգածության ներքո է գտնվում։ Ցավոք, մեր երկրից դուրս Ադրբեջանում, Թուրքիայում ունենք հուշարձաններ, որոնք ավերվում են»,-ասվում էր գիտաժողովի մասնակիցներին ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձում։
Միջազգային մեկ գիտաժողովի սահմաններում անհնար է անդրադառնալ պատմամշակութային ողջ ժառանգությանը։ Այդ իսկ պատճառով էլ գիտաժողովի կազմակերպիչները հիմնական ուղղություններ էին ընտրել` հայ բանասիրական ժառանգության պահպանման և զարգացման արդի հիմնախնդիրները, պատմագիտության այսօրվա և զարգացման գերակայությունները, արվեստի և ճարտարապետության անցյալի ու ներկայի հիմնահարցերը: Առաջին երկու օրերին քննարկումները կազմակերպվեցին ըստ ոլորտների՝ առանձին սեկցիաներով։
Հունիսի 27-ին գիտաժողովի մասնակիցներն ուղեւորվեցին Լեռնային Ղարաբաղ։ Մինչ Շուշի հասնելը օտարերկրացի հյուրերի համար անակնկալ կանգառ եղավ՝ նախ Խոր-Վիրապում, ապա Նորավանքում։ Նրանք մոտիկից ծանոթացան հազարամյա հայկական մշակույթի մի փոքր հատվածին։ Նորավանքում Վայոց ձորի մարզի հոգեւոր առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի ուղեկցությամբ հյուրերը եղան Մոմիկի թանգարանում, ծանոթացան սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետությանը։ Հաջորդ կանգառը Լաչինում էր՝ Բերձորում։ Սուրբ Համբարձման եկեղեցու հոգեւոր հովիվ հայր Աթանաս վարդապետ Մովսիսյանի օրհնությունը ստանալուց հետո գիտաժողովի մասնակիցները շարունակեցին ճանապարհը։
Հաջորդ օրը գիտաժողովն իր աշխատանքը սկսեց ԼՂՀ մայրաքաղաքում՝ ԱԺ նիստերի դահլիճը հյուրընկալել էր Հայաստանից ժամանած հյուրերին։ Հանդիպումը ջերմ էր, անմիջական ու ինչպես իր խոսքում նկատեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը միանգամայն օրինաչափ է, որ այն շարունակվեց հայոց զուգապետության երկրորդ մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում։
«Պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար նախ այն ճանաչել է պետք։ Եթե նկատի ունենանք այն տեղեկատվական պատերազմը, որ մեր որոշ հարեւանների կողմից պատմամշակութային ասպարեզում մինչ այդ մղվել ու ներկայումս առավել սաստկացած տեսքով շարունակում է մղվել հայ ժողովրդի դեմ, ապա սեփական անցյալի ճանաչման կամ, ավելի ճիշտ, ինքնաճանաչման այդ գործընթացն ավելի ու ավելի է կարեւորվում», -իր խոսքում նշեց Ա.Ղուլյանը։
Գիտաժողովի մասնակիցները հաջորդող երկու օրերին անդրադարձան տարբեր ժամանակաշրջաններում հայկական պատմամշակությաին ժառանգությանը, դրանց ուսումնասիրման խնդիրներին։ Բավականին ծավալուն ու հետաքրքիր էր արտասահմանցի զեկուցողներից Լվովի Արվեստների ազգային ակադեմիայի անդամ Իրինա Գայուկի՝ Ուկրաինայում գտնվող հայկական պատմամշակությաին ժառանգությանը վերաբերող զեկույցը։ Ֆրանսիան ներկայացնող Սառա Լապորտեի զեկույցն էլ Նոր-Ջուղայի հայկական հուշարձանների, դրանց հիմնախնդիրների մասին էր։
Զեկուցումներին հետեւող քննարկումները բավականին արդյունավետ էին ու հեռանկարային զարգացումներ նախանշող։ Գիտաժողովի կազմկոմիտեն անակնկալ էր պատրաստել նաեւ մասնակից երկտասարդ / մինչեւ 35 տարեկան/ գիտնականների համար։ Լավագույն երկու զեկուցումներ պարգեւների արժանացան։ Արցախի պետական համալսարանին գիտաժողովի մասնակիցնները նաեւ մի քանի անուն գրականություն նվիրեցին։
«Փորձի, տեղեկատվության փոխանակում, միջազգային գիտաժողովների անցկացում, գործընկերների հետ կապերի ամրապնդում», – այս հանգամանքը կարեւորում էր գիտաժողովի յուրաքանչյուր մասնակից: Այս համատեքստում էլ Մոսկվայի Դմիտրի Լիխաչովի գիտահոտազտական մշակութային ու բնական ժառանգության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Երեմեեւը հայ գործընկերներին հոկտեմբերին հրավիրեց ՌԴ՝ մասնակցելու ինստիտուտի հիմնադրման 20-ամյակի միջոցառմանը։
Գիտաժողովի ավարտին նաեւ բանաձեւ ընդունվեց, որով կազմկոմիտեն մասնավորապես որոշեց. «Ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման արդի հիմնախնդիրների գիտական քննար¬կումների միասնական միջավայր ձևավորելու և զարգացման գերակայությունների ապահովման ուղղությամբ: Ելնելով արդի մարտահրավերներին դիմակայելու, մասնավորապես թուրքական և ադրբեջանական պատմագրության և քաղաքական շրջանակների կողմից իրականացվող կեղծարարությանը հակահարված տալու անհրաժեշտությունից` մշակել մոտեցումներ` հետագա գործողությունների միասնական ռազմավարական ծրագրերի նախապատրաստման և իրականացման համար»։
Օտարերկրացի հյուրերին հնարավորություն ընձեռնվեց նաեւ ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի մշակութային դարավոր ժառանգությանը։ Շուշի՝ ս.Ղազանչեցոց եկեղեցի, Գանձասար ու Տիգրանակերտ։ Բավականին դժվար էր Տիգրանակերտ բարձրանալու ճանապարհը, բայց գիտաժողովի մասնակիցները, արտասահմանցի հյուրերը հաղթահարեցին հսկայական բարձրությունն ու տեղում ծանոթացան հին հայկական հելենիստական քաղաքին, պեղումների մանրամասներին։ Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց նաեւ Տիգրանակերտի թանգարանի հարեւանությամբ գտնվող բազիլիկ եկեղեցու պեղումներին, Տիգրանակերտի ուշ շրջանի կանգուն ամրոցում բացված թանգարանի ցուցանմուշները։
Օտարերկրացի հյուրերը տպավորված ու հիացան էին հայկական մշակութային հարստությամբ ու Հայաստանից հեռացան իրենց հետ տանելով հայկական երկու պետությունների մշակութային ժառանգությունից մի փոքրիկ հատված։

2012-07-10T13:54:37+00:00 10 / 07 / 2012|Լրահոս|