ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԳԱՌՆԻԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ

Արմատներով մուսալեռցի` Թուրքիայի Վաքըֆ գյուղում ապրող Մատիրյանների գերդաստանի մի ճյուղն էլ բնակվում է Հայաստանում: Նրանցից Հասմիկ Մատիրյանը իր նախնիների պատմությունը մանկուց է լսել, վարժ խոսում է մուսալեռցու բարբառով, ապրում ծնողների, նաև պապի` Մուսա լեռան կարոտով: Մասնագիտությամբ հոգեբան երիտասարդ աղջկա «Նարինջի անքնությունը» պատմվածքի հիման վրա նկարահանված ու այդ կարոտի մասին պատմող «Երազած նարինջներ» ֆիլմը ցուցադրվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահում: Մեկ ժամ տևողությամբ կինոնկարը մուսալեռցիների հիշողությունների, այսօր էլ պահպանված ավանդույթների ու մուսալեռցի մնալու հաստատակամության մասին է:

Գլխավոր հերոսը նախնիների կանչով Թուրքիա մեկնած Հ. Մատիրյանն է: Ֆիլմի մյուս հերոսների հետ զրույցների միջոցով նա ներկայացրել է այդ երկրում հայ մնալու նրանց անկոտրում կամքը, հայկական մշակույթը, Վաքըֆ գյուղը: Սցենարի հեղինակը այցելել է նաև այսօր արդեն լքված իր պապենական տունը:

Նա պապի հիշողություններով ներկայացրել է շատ մուսալեռցիների ` իրար այդքան նման ու նաև տարբեր ճակատագրերը:

«Երազած նարինջները» ցուցադրվել է նաև Թուրքիայում: Ի դեպ ` ֆիլմի ռեժիսորն ու օպերատորն ազգությամբ թուրք են: