ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌԻԹՈՎ

«Հրապարակ» օրաթերթը` (17. 08 . 2017 թ. համարում) «Հարազատներին եկեղեցիների տարածքում հուղակավորելու նոր ավանդույթ է ձեւավորվում» հրապարակման մեջ անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցու ներսում տեղադրված շիրմաքարին:

Կիսելով լրատվամիջոցի մտահոգությունը, որ անթույլատրելի է հուշարձանների տարածքներում հուղարկավորություններ կատարելը, միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության վանական համալիր «Շողագավանք» հուշարձանի /պետ. ցուցիչ` 4. 60. 22/ պահպանական գոտու տարածքում հուղարկավորությունները կատարվել են տարիներ առաջ: Մասնավորապես Ռ. Դավթյանը հուղարկավորվել է 1954 թ.-ին` նույն տեղում ավելի վաղ հուղարկավորված իր ծնողների` Ա. Հակոբյանի և Զ. Հակոբյանի կողքին: 1980-ական թթ. նրանց հարազատները բետոնապատել են երեք շիրիմների ընդհանուր տարածքը և շիրմաքար են տեղադրել: Ռ. Դավթյանի շիրմաքարը տեղադրվել է 2013 թ.:

Տեղեկացնում ենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենության հանձնարարությամբ փաստի առթիվ ծառայողական քննություն կանցկացվի:

Ինչ վերաբերում է հրապարակման հեղինակի եզրակացությանը, թե «կատարյալ անտերություն է տիրում մեր երկրում հուշարձանների պահպանության ոլորտում եւ համապատասխան ՊՈԱԿ-ները լուռ ականատեսն ու մասնակիցն են դառնում հուշարձանների պղծմանը», ապա հիշեցնենք, որ Լոռու մարզային ծառայության պատասխանատուներն էին առաջինը արձանագրել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում ներառված Սանահին վանական համալիրի տարածքում իրականացված հուղարկավորության դեպքն ու անմիջապես ահազանգել ՊՈԱԿ-ի տնօրենությանը:

Ամենևին մտադրություն չունենալով պնդելու, թե հուշարձանների պահպանության ոլորտը զերծ է թերություններից, այդուհանդերձ հուսով ենք, որ «Հրապարակի» թղթակցի հետագա վերլուծությունները առավել հիմնավորված կլինեն, զերծ վերացական ձևակերպումներից և, որ ամենակարևորն է չեն նսեմացնի ոլորտի նվիրլայների աշխատանքը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում իր իրավասությունների սահմաններում ուսումնասիրություններ կիրականացնի նաև մյուս հուշարձանների տարածքներում` նմանատիպ փաստեր արձանագրելու նկատառումով:

2017-08-30T16:07:40+00:00 17 / 08 / 2017|Լրահոս, Նորություններ|