ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ՊԱՏՐԻՄՈՆԻՏՈ 2012» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԸ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

2011 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի Ուսանողական ջոկատների Հանրապետական շտաբ ներկայացրած «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում աշխատանքների միջազգային կամավորական ճամբար բացելու ծրագիրն արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային Կամավորական ծառայության կոմիտեի (CCIVS) բարձր գնահատականին: Գործակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո» ծրագրի մասնակից` Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի միջև։
Այդ համատեքստում էլ որոշվեց այս տարի ճամբար-կայանատեղի հիմնել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: Կամավորները 15-ն են` 9 աղջիկ և 6 տղա, 5-ը Հայաստանից են, 4-ը՝ Իսպանիայից, 3-ը՝ Ֆրանսիայից, 1-ական՝ Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից: Նրանք արգելոց-թանգարանի տարածքում կմնան շուրջ 15 օր, Հայաստանից կմեկնեն հուլիսի 20-ին։
Միջազգային ճամբարում կամավոր-մասնակիցների կեցության հետ կապված ծախսերը հոգում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ը, որը գործող ճամբարի կամավորներին ներգրավել է տարածքի բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող կրթամշակութային 3 ծրագրերին.
Դրանցից առաջինը՝ «Ազգային հնչյունները Զվարթնոցում» ծրագիրը նախատեսում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում հայկական ազգագրական երգերի և պարերի ներկայացում և ուսուցանում «ՀՈՒՋ» Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայության շահառուներին: Ծրագիրը կրելու է ինտերակտիվ բնույթ և բաղկացած՝ երգի և պարի ուսուցման փուլերից:
Մյուսը՝ «Պատրիմոնո 2012 իմ տպավորությունները» սլայդ-շնորհանդեսի պատրաստումն էլ միտված է ժամանցային եղանակով մասնակիցների ձևավորված կարծիքները, տպավորություններն ի մի բերելուն, կատարած աշխատանքների լուսաբանմանը։ Լուսանկարները, տեսանյութերը, հետաքրքիր պատմությունները, գրառումները ծրագրի ավարտին կներկայացվեն համակարգչային-շնորհանդեսային տարբերակով։ «Խոսենք մեր պետությունների խորհրդանշանների լեզվով» խորագիրը կրող միջոցառման շրջանակում էլ նախատեսվում է արգելոց-թանգարանի տարածքը և աշխատանքային գործունեությունը միջոցառման անցկացման օրը հարմարեցնել ծրագրի բնույթին` իրագործելով մի շարք գործողություններ: Մասնավորապես արգելոց-թանգարանի մուտքի մոտ կտեղադրվի 2 պաստառ, որոնցից մեկի վրա աշխարհի տարբեր լեզուներով կգրվի «ԲԱՐԵՎ» բառը, իսկ մյուսի վրա հայերենով տեղեկատվություն կներկայացվի մասնակից երկրների պաշտոնապես և ոչ պաշտոնապես ընդունված ազգային, պետական խորհրդանշաններից յուրաքանչյուրի մասին։
Միջոցառման օրը թանգարանի նախասրահի ստենդերի վրա մասնակից-կամավորները կներկայացնեն իրենց պաստառները։ Դրանց վրա կլինի տվյալ երկրի զինանշանը, ազգային դրոշը, տեղեկատվություն հեղինակների, հայրենի երկրի անվան ծագումը ներկայացնող պատմության մասին, ինչպես նաև կփակցվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված համապատասխան երկրի նշանավոր պատմամշակութային հուշարձանները ներկայացնող լուսանկարներ: Բոլոր մասնակիցների պատրաստած պաստառների վրա դրվագային կներկայացվեն նաև տվյալ երկրի աշխարհահռչակ մշակութային գործիչների, պատմամշակութային և բնական նշանավոր հուշարձանների պատկերներ:
Կրթամշակութային այսօրինակ նախագծերն առավել ամուր միջմշակութային երկխոսությունների հիմք են եւ ինքնակրթության հիանալի միջոց երիտասարդների համար:
Նշենք նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո» ծրագրի շրջանակներում նմանատիպ ստացիոնար ճամբարներ մինչ օրս միայն երեքն են աշխարհում:

2012-07-12T13:07:52+00:00 12 / 07 / 2012|Լրահոս|