ՄՈՏ 54 ՏՈԿՈՍՈՎ ԱՃԵԼ Է ԳԱՌՆԻ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

2017 թ. առաջին կիսամյակի աշխատանքների  ամփոփ հաշվետվությունը   «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում 34,93 տոկոսով աճել են ՊՈԱԿ-ի եկամուտները, տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմել է 107 902.7 հազար  ՀՀ դրամ: Մասնավորապես, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն  այս տարվա վեց ամիսներին  152 870 այցելու է ունեցել (նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի`  99709-ի փոխարեն): Բնականաբար,  աճել  է  նաև  տոմսերի վաճառքից ստացված գումարը (2016 թ. առաջին կիսամյակի համեմամատ՝  53,88 տոկոսով ավելի):

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով, այլ է պատկերը «Զվարթնոցի» դեպքում:  Պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուների թիվն աճել է ընդամենը 7,7 տոկոսով, հասույթը` նախորդ տարվա վեց  ամիսների համեմատությամբ, 22,25 տոկոսով: 2017 թ. վեց ամիսներին «Զվարթնոցն» ընդամենը 19 166 այցելու է ունեցել (2016թ. նույն ժամանակահատվածի 17 796-ի փոխարեն): ՊՈԱԿ-ի տնօրենը խոսեց  նաև  արգելոց-թանգարաններում էլեկտրոնային տոմսային համակարգ տեղադրելու մասին, ասելով, որ դա առավելագույնս կբացառի մարդկային գործոնով պայմանավորված՝ պատահող բացասական  երևույթները:

«Այցելուն կվճարի տերմինալով  (հայերեն ու անգլերեն) և  մուտք կգործի արգելոց- թանգարանի տարածք», – ասաց Թարվերդյանը:

Նախարար Արմեն Ամիրյանն առաջարկեց  նախաձեռնությունը կյանքի կոչել հնարավորինս արագ` չսպասելով միասնական տոմսային համակարգին անցնելուն: Նրա համոզմամբ, այդպիսով  կբացառվեն նաև կոռուպցիոն հնարավոր ռիսկերը: Մշակույթի նախարարը  խոսեց նաև  ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության մասին: Մասնավորապես, անդրադառնալով  «Զվարթնոց»-ին, նա նշեց, որ պետք  է հանգստի գոտի ունենալ, մշտապես կազմակերպել մշակութային միջոցառումներ։

ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Ամբերդ» արգելոցը  ևս  մշակույթի նախարարի ուշադրության կենտրոնում է: Այս դեպքում էլ  առաջնայինը  ենթակառուցվածքների ստեղծումն է.

«Պետք է արահետներ կառուցել, նստարաններ ու աղբամաններ տեղադրել, սանհանգույցը նորոգել և տոմսային  համակարգ  ներդնել: Ամբերդն օրական շուրջ 300 այցելու է ունենում»:

Նախարարությունը ՊՈԱԿ-ին լիազորեց վերահսկել  իրականացվելիք շինարարության ընթացքն ու ծախսերը:

Նախարար Ամիրյանի խոսքով, պետք է ներդրումներ անել նաև «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում ` բացառելով ստվերը:

«Դվին» քաղաքատեղի»  հուշարձանի տարածքում  այժմ պեղումներ են իրականացվում: ՀՀ մշակույթի նախարարի համոզմամբ, Դվինը ևս  այցելուներին ներկայանալու  մեծ ներուժ ունի, և  կարելի է  լուրջ եկամուտ ապահովել:

Շարունակելով պեղումների թեման, Արմեն Ամիրյանն ասաց, որ 3 D ձևաչափի սկաներներ ձեռք բերելու բանակցություններ են ընթանում, որոնք մեծապես կօգնեն հնագիտական աշխատանքների իրականացմանը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա  Թարվերդյանը նախարարին ներկայացրեց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում  ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքները: Նրա խոսքով, այժմ ներդրողի հետ բանակցում են ջրաղացի հին շենքի վերանորոգման համար:

Ամիսներ առաջ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան էր այցելել  Հանրապետության նախագահը: Սերժ Սարգսյանը ծանոթացել էր խնդիրներին ու հստակ հանձնարարականներ տվել: «Գառնին» ՀՀ մշակույթի հանախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ա. Ամիրյանի  հարցադրումներին՝ տեղում աղբամաններ և նստարաններ տեղադրելու մասին, ՊՈԱԿ-ի տնօրեն Արա  Թարվերդյանը պատասխանեց, որ առաջիկա օրերին այդ խնդիրը կլուծվի: Նրա խոսքով, գործարկվել է արգելոց-թանգարանի ոռոգման համակարգը, լանդշաֆտի համար հրավիրվել է ոճավորող-ձևավորող:

«Գառնի»-ում  նաև շինարարական աշխատանքներ են ընթանում.  նորոգվում է ճեմուղին: Թարվերդյանը վստահեցրեց, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետից  շուտ: