«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ»-ՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով կազմված  արշավախումբը,  ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ, օգոստոսի 16-ից վերսկսել է պեղումները «Զորաց քարեր»  հուշարձանի տարածքում:

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, արշավախմբի ղեկավարի տեղակալ Կարեն Փահլևանյանի փոխանցմամբ  հնագետներն այս օրերին պեղումներ են իրականացնում  հուշարձանի մի քանի հատվածներում: Բնակատեղիի հյուսիսից-հարավ  ձգվող  պարսպի ճարտարապետական կառուցվածքն ամբողջությամբ հասկանալու համար, պեղվել է վերջինիս մի հատվածը: Պարզվել է, որ այն թույլ հիմքերի վրա է եղել կառուցված, շատ արագ և, ըստ երևույթին, պաշտպանական նպատակ է հետապնդել: Կ. Փահլևանյանի խոսքով պարսպի հատվածում  ընթացող պեղումները հնարավորություն կտան որակական առումով էլ ավելի լավ լուսաբանել  կառույցի պատմական նշանակությունը, առանձնահատկությունը:

Պեղվել է նաև հուշարձանի տարածքում առկա 30 դամբարաններից մեկը, որը մինչև ՊՈԱԿ-ի պահպանությանը հանձնելը, բազմիցս «արժանացել» է գանձագողերի, հովիվների, որսորդների ուշադրությանը:

«Սկզբում կարծում էինք, թե հետաքրքիր նյութ չենք կարողանա գտնել, սակայն, երբ սկսեցինք  պեղել  դամբարանի կենտրոնական հատվածը, կավե անոթներ,  դանակի ու նիզակի մասեր հայտնաբերեցինք:  Ըստ երևույթին դամբարանում թաղված անձը հասարակության մեջ բարձր դիրք է զբաղեցրել», -իր խոսքում ասել է Կ. Փահլևանյանը:

Հնագետները նույն հատվածում կենդանիների  ոսկորներ,  ատամներ են հայտնաբերել,  նաև` ժանիքներ: Կ. Փահլևանյանի խոսքով  ամբողջական պատկերացում կարելի է կազմել միայն նյութի մշակումից, համադրումից և լաբորատոր ուսումնասիրությունից  հետո: Այս օրերին արշավախումբը  նաև  օձի գլխով ապարանջան,  բրոնզե ուլունքներ և այլ գտածոներ է հայտնաբերել:

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի փոխանցմամբ  առաջիկայում հնագիտական արշավախմբին  կմիանան նաև լեհ մասնագետները:

2017-09-15T16:00:21+00:00 25 / 08 / 2017|Լրահոս, Նորություններ|