ՏԱԹԵՎԻ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ

ՏԱԹԵՎԻ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ
Սյունիքի մարզ
Տաթև գյուղից հարավարևելք
պետ. ցուցիչ 8.97.8

Այս ճարտարապետական համալիրը` նշանավոր կրոնական կենտրոնը, կառուցվել է Գորիսի տարածաշրջանում, Որոտան գետի աջափնյա ձորում, Որոտանի և նրա Տաթև վտակի միախառնման վայրում, 1658 թ. երկրաշարժից կործանված Հալիձորի Հարանց անապատից մի քանի կմ հեռու, 1660-ական թթ.: Հիմնադիրը Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին է:
Համալիրի կանոնավոր հատակագիծը ընդօրինակված է նախորդ Անապատից (միայն չափերն են մեծ): Կազմված է գեղեցիկ աշտարակներ ունեցող, ուղղանկյուն կրաշաղախ պարիսպներով պարփակված հիմնական մասից և նրան հարավից կից սեղանաձև հատակագծով օժանդակ մասից:
Երկու պարսպագծերի միջև զետեղվել են անասնագոմեր ու տնտեսական շինություններ: Անապատի հարավարևմտյան մասում է սրբատաշ բազալտի քարով շինված միակ` Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին (1663 թ.): 1743 թ. եկեղեցու արևմտյան կողմին կից, Մելիք Եգանը կառուցել է կամարակապ գավիթ-սրահը, իսկ հյուսիսից կից է գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը: Անապատի հարավում գտնվող սեղանատունը կամարակապ երկար շինություն է`խոհանոցով, փոքրիկ, նեղ պատուհաններով, ներսում երկշար քարե սեղաններով: Միաբանների համար, արևմտյան և հյուսիսային պարսպներին կից կառուցված են եղել 64 կամարաշեն խցեր, որոնց մի մասը` երկհարկ և եռահարկ, ունեցել դուռ և պատուհան: Բակում կանգուն են մնացել Г-աձև հատակագծով բնակելի սենյակների խումբը և տնտեսական օժանդակ շինություններ: Անապատի արևելյան աղբյուրը այժմ կիսաքանդ վիճակում է: Համալիրը խիստ տուժել է 1931թ. երկրաշարժից:
Անապատն ունեցել է լիարժեք տնտեսություն` այգիներ, կալատեղեր, հնձան, մառաններ, ջրաղաց, որի քարերը այժմ ջարդված են: Տարածքի բնակլիմայական պայմանները նպաստավոր են եղել խաղողագործության համար:
Միջնադարի հայ ճարտարապետության արժեքավոր, ինքնատիպ լուծումներով նմուշ է: Եղել է կրթական, կրոնական ու մշակութային մեծ կենտրոն: Տաթևի Մեծ Անապատում, ըստ Առաքել Դավրիժեցու, հոգևոր ծառայություն էին կատարում մոտ 700 միաբաններ: Այստեղ է կրթություն ստացել ու դաստիարակվել Ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Խոտանանցին (Սյունեցի): Տաթևի Մեծ Անապատի հոգևոր, մշակութային ծաղկման բարերար ազդեցության շնորհիվ Սյունիքի շատ վանքերում ու անապատներում ձևավորվել են գրչության կենտրոններ, գրվել բազում ձեռագիր մատյաններ:

Հիմնական գրականությունը.

Ե. Լալայան, Զանգեզուրի գավառ, Թիֆլիս, 1898:

Մ. Հասրաթյան, Սյունիքի 17-18-րդ դարերի ճարտարապետական համալիրները, Երևան, 1973:

Թ. Հակոբյան, Սյունիքի թագավորությունը, Երևան, 1966:

2013-10-03T10:49:17+00:00 12 / 07 / 2012|Հուշարձաններ|