ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԴԵԿՈՐԱՏԻՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Կարինե Բազեյանը մասնակցել է Ղրղզստանում անցկացված գիտաժողովին, որը կազմակերպել էր Մոսկվայի Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանը` Ռուսաստանի ICOM-ի և ԱՊՀ երկրների միջև հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի աջակցությամբ: Քառօրյա գիտաժողովի ընթացքն այսօր ներկայացվել է ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու աշխատակիցներին։

Գիտաժողովի ծրագրում ԱՊՀ անդամ երկրների «Դեկորատիվ-կիրառական արվեստի 1960-2010 թթ. զարգացման հիմնական միտումները»  թեման է  եղել: Այն  իրականացվել է 2014 թ.-ին մեկնարկած «Համագործակցության ժառանգությունը. Ավանդույթը ապագայի համար» խորագիրը կրող երկարաժամկետ ծրագրի շրջանակում, որի նպատակը մշակութային ժառանգության դերը մեծացնելն ու ԱՊՀ երկրների տարածքում հումանիտար և մշակութային կապերի զարգացումը խթանելն է: Ծրագրի շրջանակներում իրականացվել են միջպետական մի շարք միջոցառումներ. չորս մեծ  ցուցահանդես և երկու գիտաժողով: 2016թ.-ին այն անցկացվել էր Ադրբեջանում, իսկ 2018-ին` նախատեսվում է իրականացնել Ղազախստանում: Այս տարվա գիտաժողովին մասնակցել են ԱՊՀ ինը երկրի ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են 36 զեկուցում: Հայաստանի երկու  մասնակիցների թվում է եղել նաև Կարինե Բազեյանը՝ «Ժամանակակից հայկական ասեղնագործության առանձնահատկությունները» թեմայով զեկուցումով, որի ընթացքում անդրադարձել է ավանդական (Այնթափի, Վանի, Մարաշի, հարթակար) և ժամանակակից ասեղնագործությանը։ Կարինե Բազեյանի զեկույցի ընթացքում լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացվել են հայկական ասեղնագործության հին ու ժամանակակից նմուշները։

Գիտաժողովի բացումն ու առաջին նիստը տեղի է ունեցել Ղրղզստանի Գապար Այթիևի անվան կերպարվեստի Ազգային թանգարանում: Երեկոյան նույն թանգարանում բացվել է «Ռուսաստանի դեկորատիվ-կիրառական արվեստը. XX-XXI դդ. հեղինակային աշխատանքներ» խորագրով ցուցահանդեսը:

Հաջորդ օրը մասնակիցները մեկնել են Իսսիկ-Կուլ լճի ափին գտնվող Կարա-Օյ գյուղ, որտեղ էլ շարունակվել է գիտաժողովը: Ճանապարհին այցելել են «Բուրանա աշտարակ» հնագիտական-ճարտարապետական թանգարան-համալիր, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են նաև Իսսիկ-Կուլի հյուրանոցում: Մասնակիցները ներկա են գտնվել Չոլպոն-Աթա քաղաքի հրապարակում կազմակերպված ավանդական արհեստների և մշակույթի «Օյմո» միջազգային 11-րդ փառատոնի բացմանը, եղել են նաև Չոլպոն-Աթայում գտնվող Իսսիկ Կուլի երկրագիտական թանգարանում, որտեղ կազմակերպվել են  գորգագործության վարպետության դասեր,  ապա` էքսկուրսիա է անցկացվել ժայռապատկերների բացօթյա թանգարանում։

Բիշկեկ վերադառնալու ճանապարհին գիտաժողովի մասնակիցներն  այցելել են «Քոչվորական քաղաքակրթության կենտրոն-թանգարան», որտեղ անցկացվել է համատեղ սեմինար Ղրղզստանի հանրապետության արհեստավորների միության հետ:

Հագեցած ու հետաքրքիր գործուղումն ավարտվել է թաղիքագործ վարպետների արհեստանոցներում, որտեղ ներկա են գտնվել թաղիքից ոտնամաններ պատրաստելու գործընթացին:

 

2017-09-15T14:51:30+00:00 08 / 09 / 2017|Լրահոս|