ՄԵԾԱՄՈՐԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ

Մեծամոր հնավայրի տարածքում վերսկսվել են հայ-լեհական արշավախմբի պեղումները: Հնագետները հետաքրքիր գտածոներ են հայտնաբերել` մ.թ.ա. 8-6-րդ դդ. թվագրվող ապարանջաններ, դանակներ, նաև` մարդկային կմախքներ: Հնավայրի բնակատեղիի ուսումնասիրությունը հետաքրքիր նոր փաստեր կարձանագրի, ինչն էլ  թույլ կտա մասնագիտական առավել  ճշգիրտ  եզրակացություններ անել Մեծամորի այդ ժամանակաշրջանի  դերի  ու  նշանակության  մասին:

Հայ-լեհական արշավախմբի համաղեկավարները` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր  Քշիշտոֆ Յակուբյակը, ՊՈԱԿ-ի  տնօրեն Արա Թարվերդյանին  ներկայացրել են պեղումների 10-օրյա աշխատանքների ընթացքը, խոսել  գործակցության զարգացման հեռանկարների մասին:

Հնագիտական արշավախմբի համաղեկավարները  հույս են հայտնել, որ այս տարվա պեղումներից հայտնաբերված օրգանական նյութերը  ևս  լեհական կողմի աջակցությամբ  լաբորատոր հետազոտության կենթարկվեն արտերկրում:

ՊՈԱԿ-ի  տնօրեն  Արա  Թարվերդյանը,  կարևորելով  հայ-լեհական գիտական  ներուժի  արդյունավետ  համագործակցությունը, համոզմունք է  հայտնել, որ արշավախումբը  նոր և արժեքավոր բացահայտումներ կանի,  համագործակցության նոր եզրեր կնախանշի  այլ հուշարձանների տարածքներում ևս աշխատելու համար:

Նրա խոսքով  արդյունավետ  գործակցության մասին է վկայում նաև միջազգային  բարձր վարկանիշ  ունեցող և Լեհաստանում տպագրվող «Միջերկրածովյան  լեհ  հնագիտությունը»  ամենամյա ժողովածուի  հրատարակության  մեջ  /տպագրվում են աշխարհի հայտնի գիտնականների աշխատությունները/  տեղ գտած «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  հնագետների և արշավախմբի  լեհ  անդամների համատեղ պատրաստած գիտական  հոդվածը` Մեծամորի պեղումների  վերաբերյալ:

 

 

2017-09-15T15:21:04+00:00 12 / 09 / 2017|Լրահոս, Նորություններ|