ՀԱՆՐԱՅԻՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ և ՏԵՍԱԿԱՆ –ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Վերջին տարիներին ձևավորված և արդեն բավական լայն մասայականություն վայելող հանրային հնագիտությունը ուսումնասիրությունների լայն շրջանակներ ենթադրող գիտություն է, որը նպատակ ունի ծառայել միաժամանակև՛հնագիտական հուշարձանների հայտնաբերմանն ու հետազոտմանը, և՛ համայնքային կյանքի աշխուժացմանը՝ հնագիտական ժառանգության շուրջ:

Մեր նպատակն է ներկայացնել հանրային հնագիտության բնորոշումները և հիմնական մեթոդաբանությունը, ինչպես նաև ցույց տալ, թե ինչ նոր գաղափարներ է առաջարկում այս գիտությունը, և դրա մեթոդաբանության կիրառումը ինչ ձեռքբերումների կարող է հանգեցնել:

Հանրային հնագիտությունը (Public Archaeology), այլ կերպ ասած համայնքային հնագիտությունը (Community Archaeology), որպես առանձին գիտաճյուղ, ընդամենը մի քանի տարվա պատմություն ունի և  մեթոդաբանական դրույթների հստակեցման առումով դեռևս կայացման փուլում է:

Գիտության հիմնադիրներից է բրիտանացի հետազոտող Սթեֆան Մոսերը, ով տվել է հանրային հնագիտության առավել համապարփակ բնորոշումները: Բրիտանացի հետազոտող Դեյվիդ Ֆոլկները ևս անդրադարձել է «Հանրային հնագիտություն» ֆենոմենին։ Վերջինս ընդգծել է այս գիտության կարևորությունը՝ համարելով այն պրակտիկ գիտելիքի փոխանցման նախընտրելի եղանակ, նա հետագա բարելավումների համար մի շարք առաջարկություններ է արել, ըստ որոնց պետք էր ավելի մասսայական դարձնել նմանատիպ հետազոտությունները: Տերմինն առաջ է քաշել Փիթեր Լիդդելը: [1]

Նշենք, որ «Հանրային հնագիտություն» տերմինը կրող հրատարակություններ սկսել են լույս տեսնել 2000-ական թվականներից: Հետագայում ստեղծվել է «Հանրային հնագիտություն» վերնագրով ամսագիր, որը վիրտուալ հարթակում ամփոփում էր յուրաքանչյուր տարվա հետազոտությունների արդյունքները, ներկայացնում էր նոր հրատարակությունները:[2]

Առանձնացվում են հանրային հնագիտության երկու հիմնական դպրոցներ՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի: Այս երկու դպրոցները ընդհանրություններից բացի ունեն նաև մեթոդաբանական առանձնահատկություններ: Այսուհանդերձ, հանրային հնագիտության ծագումը կապվում է Մեծ Բրիտանիայի հետ, քանի որ հենց այստեղ են արվել առաջին քայլերը: Մեծ Բրիտանիան ուշադրություն էր դարձնում հնագիտական ժառանգությանը՝ ողջ երկրի տարածքում: Առաջին անգամ այստեղ հնագիտական հետազոտություններին տրվեց հանրային, մասնակցային բնույթ:

Ավելի քան մեկ դար առաջ այնտեղ արդեն ավանդույթ էր ձևավորվել հնագիտական պեղումներին, հետազոտություններին մասնակից դարձնել և տեղեկացնել տեղի բնակչությանը: Կամավորական խմբերը հնարավորություն են ստացել անմիջական մասնակցություն ունենալ հնագիտական պեղումներին:

Միացյալ Նահանգները առավել մեծ կարևորություն էր տալիս կրթությանը, համարելով, որ իրազեկվածությունն ամենամեծ առավելությունն է հանրույթի համար՝ սեփական հնագիտական ժառանգությանը տեր կանգնելու և համայնքի բարեկեցության խնդիրները հոգալու համար: Հանրային հնագիտության ձեռքբերումների, նպատակների վերաբերյալ իրականացվել են մշտադիտարկումներ, ստեղծվել են կրթական ծրագրեր:

Հանրային հնագիտության ուսումնասիրության դաշտը բավական ընդլայնված է, այն առաջին հերթին ուսումնասիրում է մշակութային ժառանգության իրացումը հանրույթի կողմից,  համայնքի մասնակցությունը մշակութային կյանքին և իրազեկվածությունը, որն ապահովվում է մի շարք ծրագրերի շնորհիվ: Պետք է նշել, որ այս գիտության շրջանակներում չափազանց շատ են կարևորվում բոլոր այն ոլորտներն ու գործոնները, որոնք համայնքի մշակութայային կյանքում որոշակի

ազդեցություն են ունենում, այս տեսանկյունից հատկապես կարևորվում է տնտեսության դերը, քանի որ տնտեսական եկամուտը թույլ է տալիս բարելավել համայնքի բարեկեցությունը, ապահովել մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաև՝ դեպի տվյալ մշակութային գոտի՝ տուրիստական հոսքերի աշխուժացումը:

Հանրային հնագիտությունը բացահայտում է մշկութային արժեք հանդիսացող պատմական հուշարձանները, մշակութային լանդշաֆտը, որը շատ բան է պատմում մարդու և նրա անցյալի մասին: Այն հետաքրքրությունների մի մեծ դաշտ է, որտեղ կարող են մասնակցություն ունենալ հնագետները, պատմաբանները, մշակութաբանները, տնտեսագետները, լրագրողները, տուրօպերատորները, բնապահպանները:

Չնայած այն հանգամանքին, որ հանրային հնագիտությունը, որպես այդպիսին,  բոլորովին վերջերս է ի հայտ եկել,  այնուամենայնիվ, հասցրել է բավական լայն մասսայականություն վայելել և տարածում  գտել բազմաթիվ երկրներում: Հանրային հնագիտության շրջանակներում հետազոտություններ են իրականացվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, աֆրիկյան երկրներում, ինչպես նաև՝ եվրոպական ու ասիական մի շարք երկրներում:

Կան օրինակներ, որոնք հիանալի արտացոլում են հանրային հնագիտության կիրառման արդյունավետությունը, ինչպես, օրինակ` Ալբանիայում գտնվող Բութրինթ ազգային պարկի պարագայում. այս աղքատ տարածաշրջանում ոչ միայն ֆինանսական նոր մուտքեր և տուրիստական նոր հոսքեր գրանցվեցին, այլև լուծվեցին ինքնության հետ կապված վիճահարույց հարցեր:[3] Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:[4] Նման արդյունավետ փորձերից էր նաև` Կամբոջայում գտնվող Անգկոր Վատ հնագիտական համալիրի շուրջ իրականացված ծրագիրը` հանրային հնագիտության շրջանակներում։ Նշենք նաև, որ այն ևս ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:[5]

Ինչպես արդեն նշվեց հնագիտական ժառանգությունը չպետք է լիներ զուտ հետազոտության օբյեկտ` արշավախմբերի և ոչ էլ զուտ զբոսաշրջային օբյեկտ` տուրիստների համար, այլ՝ հանրությանը հասանելի սեփականություն: Այդ իսկ պատճառով ամերիկացի հետազոտողները փորձում էին այս սկզբունքները տարածել նաև Միացյալ Նահանգներից դուրս, հատկապես այնպիսի երկրներում, որտեղ մշակութային ժառանգությունը ոչ այնքան հանրային էր, որքան՝ մասնավոր և դրանց ծանոթանալն ու այդ ոլորտում ծառայություններից օգտվելը վճարովի էր: ԵՎ, առհասարակ, գաղութացման շրջանում շատ երկրներում մշակութային ժառանգությունը անհասանելի էր հասարակության լայն զանգվածներին, բացառությամբ՝ էլիտայի:

Այսօր բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում մարդկանց՝ սեփական ժառանգությանը ծանոթացնելու ուղղությամբ. իրականացվում են թանգարային ցուցադրություններ (երբեմն՝ անվճար), դասընթացներ, ուսումնական հաստատությունները ապահովվում են պրակտիկ գիտելիքով, մարդիկ ծանոթանում են նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը:[6] Հատկապես ուշադրություն է դարձվում ցածր կենսամակարդակ ունեցող երկրներին, քանի որ այսպիսի երկրներում մշակութային ժառանգությունը վտանգված է, մարդկային գործոնը մշատապես սպառնալիք է հանդիսանում, երբեմն վերածվելով վանդալիզմի: Իսկ արգելապատնեշներն այս խնդիրը լուծել չեն կարող: Ուստի, այս ամենի դեմ լավագույն պատնեշը, ըստ էության, հենց հանրույթն է, որը պետք է էմոցիոնալ և տնտեսական կապ տեսնի իր ժառանգության նկատմամբ: Հանրույթին` մշակութային ժառանգության շուրջ տարվող աշխատանքներին ընդգրկելը հնարավորություն է ընձեռում միևնույն ռասայական պատկանելություն, էթնիկ և մշակութային ընդհանրություններ ունեցող մարդկանց սեփականատիրոջ զգացումով լցվել սեփական տարածքների, մշակութային ժառանգության հանդեպ և ավելի մեծ պատասխանատվությամբ ստանձնել դրանց պահպանումը, օգտագործումն ու դրանց շուրջ գործունեության ծավալումը: Որոշ հնագիտական արժեքներ, ինչպիսիք են՝ քարանձավները, ժայռապատկերները և դրանց շուրջ` մշակութային լանդշաֆտը, տեղաբնիկների համար ոչ միայն մշակութային, այլև սրբազան նշանակություն ունեն, և հանրույթը մեծ պատասխանատվությամբ է պահպանում դրանք:

Ինչ խոսք, մշակութային ժառանգության ոչնչացումը մտահոգիչ է յուրաքանչյուր երկրի համար, սակայն, ցածր կեսամակարդակ ունեցող երկրներում առաջին հերթին ծայրահեղ աղքատության խնդիրն է առանցքային համարվում: Հանրույթը, որը մշակութային ժառանգության տերն է, բայց չի գիտակցում դա, միայն դիտորդի դերում է հանդես գալիս, մինչդեռ, այդ ժառանգությունը կարևոր ռեսուրս է, որը նաև նոր եկամտի աղբյուր կարող է հանդիսանալ և լուծել համայնքի բարեկեցության հարցը:[7]

Հանրային հնագիտությունը օգտվում է համայնքային հետազոտության մեթոդներիից, որոնք թույլ են տալիս համայնքին իր սեփական անցյալի արժեքների, մշակութային ռեսուրսների հիման վրա տնտեսվարություն ձևավորել: Օրինակ՝ հաճախ կարելի է հանդիպել հնագիտական հուշարձանների մոտակայքում առևտուր իրականացնող բնակիչների, ովքեր վաճառում են հուշանվերներ, ազգային խոհանոցի որոշ ուտեստներ, այնպիսի իրեր, որոնք ամբողջությամբ ներկայացնում են տվյալ մշակութային գոտին: Հուշարձանների շուրջ տնտեսական բնույթի գործունեություն իրականացնող հանրույթին ոչ միայն չպետք է խոչընդոտել, այլև, ավելին, պետք է խրախուսել, քանի որ սա ժառանգությունը տվյալ հանրույթի սեփականություն դարձնելու լավագույն տարբերակներից է, իհարկե խոսքը վերաբերում է այն գործունեությանը, որը որևէ կերպ չի վնասում պատմամշակութային ժառանգությանը և չի խախտում դրա ամբողջականությունը:

Սա  աճող հետազոտական դաշտ է, այն օր օրի զարգանում և ընդլայնվում է: Որպեսզի հնարավոր լինի իրազեկումը բարձր մակարդակի հասցնել և առավել նպատակահարմար ձևով օգտվել ռեսուրսներից, հանրային հնագիտությունը առաջարկում է տեսական և գործնական բազմաթիվ ծրագրեր:[8]

Նշենք, որ մինչև բուն հետազոտություններին անցնելը, նախնական պիլոտային հետազոտություններն առավել նպատակահարմար են այն առումով, որ հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչպիսի միջավայրի հետ գործ ունենք, ինչ խոչընդոտներ են սպասվում, ըստ դրա էլ որոշվում են ծրագրի հիմնական քայլերը, դրանց առավելություններն ու թերությունները:

ԵՎ´ Մեծ Բրիտանիայում, և´ Միացյալ Նահանգներում ու նաև եվրոպական մի շարք երկրներում  հանրային հնագիտության շրջանակներում իրականացված ծրագրերը և դրանց արդյունքները վկայում են այն մասին, որ հաճախ մանրուք թվացող մեթոդաբանական հնարքները ավելի արդյունավետ են լինում, քան կարելի էր պատկերացնել: Մեթոդաբանության ընտրությունն էլ կախված է նրանից, թե կոնկրետ ինչ թիրախային խմբի հետ գործ ունենք: Օրինակ՝ եթե նպատակ է դրված դպրոցականների շրջանում բարձրացնել իրազեկվածության աստիճանը սեփական մշակութային ժառանգության վերաբերյալ, ապա շատ տարածված տարբերակ է ուղեցույցների միջոցով տեղեկատվության տարածումը, կամ քարտեզագրման նոր տարբերակների ստեղծումը, որոնք շատ պատկերավոր են և ավելի լավ են տպավորվում դպրոցականների մոտ: Ընդունված տարբերակ է նաև հնագիտական գոտին ապահովել տեղեկատվական վահանակներով, պաստառներով, իսկ այն հնագիտական արժեքները, որոնք չեն պահպանվել ամբողջական ձևով, նախընտրելի տարբերակ է ստեղծել դրանց մանրակերտները՝ վերականգնված ձևով: Կարևոր է նաև հաշվի առնել ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցողներին և համապատասխան պայմաններ ստեղծել վերջիններիս համար. տեղաշարժման  հետ կապված խոչընդոտները վերացնել, հուշարձանների տարածքում տեղադրել կույրերի համար նախատեսված տեղեկատվական վահանակներ և այլն: Սա կարևոր է նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:[9]

Հանրային հնագիտության շրջանակներում կիրառվող մեթոդաբանությունը, սակայն, հստակեցման և մշակման կարիք ունի, թերևս այն պատճառով, որ սա նոր գիտություն է, և հստակ մեթոդաբանություն ունենալու համար ժամանակ է անհրաժեշտ, բացի այդ՝ հանրային հնագիտությունը հետազոտության լայն շրջանակներ է ենթադրում՝ իր բազմաթիվ ուղղություններով: Սա ևս խոչընդոտների առաջ է կանգնեցնում հետազոտական խմբերին:

Ակնհայտ է այն հանգամանքը, որ հանրային հնագիության շրջանակներում կիրառվող ծրագրերը միտված են խթանել տուրիզմի զարգացումը, տնտեսական աճ գրանցել և ստացված եկամուտները ներդնել՝ հնագիտական ժառանգությունը հետազոտելու, պահպանելու և հանրահռչակելու ուղղությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում հանրային հնագիտության շրջանակներում հետազոտություններ չեն իրականացվում, այնուամենայնիվ, դրա ֆենոմենը եղել է, կա և անկախ ամեն ինչից կլինի: Մարդիկ չեն դադարի հնագիտական հուշարձանների շուրջ փառատոններ և գիտաժողովներ իրականացնել, զբաղվել տեղական արտադրության արդյունքների առևտրով, ընդունել զբոսաշրջիկների, ներկայացնել իրենց պատմամշակութային ժառանգությունը:Սակայն այս ամենը հանրային հնագիտության շրջանակներում առավել համակարգված և նպատակային բնույթ կկրի:

Լիանա Վարդանյան

 

Օգտագործված գրականություն

 

  1.    Gould G., Burtenshow P., Public Archaeology, London, 2014.
  2. Angkor-UNESCO World Heritage Centre http//whc.unesco.org/en/list/668
  3.   Butrint-UNESCO Heritage Centre http//whc.unesco.org/en/list
  4.  Community Archaeology https://en.m.wikipedia.org/wiki/Community_archaeology
  5. 5. Public Archaeology

http://ww.saa.org/publicftp/public/forArchaeologists/outreach_PAis.html

[1] Community Archaeology https://en.m.wikipedia.org/wiki/Community_archaeology

[2] Public Archaeology http://ww.saa.org/publicftp/public/forArchaeologists/outreach_PAis.html

[3] Funari P., Public Archaeology, A Regional Perspective on Gavernment, Archaeology and Economic

Development, London, 2014, p. 93-94.

[4] Butrint-UNESCO Heritage Centre http//whc.unesco.org/en/list

[5] Angkor-UNESCO World Heritage Centre http//whc.unesco.org/en/list/668

[6] Funari P., Public Archaeology, A Regional Perspective on Gavernment, Archaeology and Economic

Development, London, 2014, p. 94-95.

[7] Borona G., Little T., Public Archaeology, Can Rock Art in Africa Reduse Poverty, London, 2014, p. 178-180.

[8] Public Archaeology http://www.saa.org/publicftp/public/forArchaeologist/outreach_PAis.html

[9] Public Archaeology http://www.saa.org/publicftp/public/forArchaeologist/outreach_PAis.html

2017-09-20T13:54:11+00:00 14 / 09 / 2017|Լրահոս|