ՊԱՏՃԱՌԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է

Ֆեյսբուքյան  օգտատեր  Ներսես Մատինյանը  ամիսներ առաջ արված  լուսանկարներ ու տեսագրություն է տեղադրել  Քոբայրի  վանական համալիրի տարածքում  անասունների  գտնվելու մասին, որն էլ իրարանցում է առաջացրել:  Երևույթն  իրոք անթույլատրելի ու դատապարտելի է:  Ցավոք,  նման դեպքեր երբեմն լինում են հուշարձանների տարածքներում   և  ոչ միշտ է հնարավոր  հարցը  լուծել  հարակից  տարածքը  ցանկապատելով:

Պետական  սեփականություն  հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների պահպանությունը, հանրահռչակումն ու օգտագործումը  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  իրավասությունների  շրջանակում  է և իրականացվում է  ՊՄՊ մարզային ծառայությունների աշխատակիցների միջոցով ՝ շրջայցերի սահմանված գրաֆիկի համաձայն: Լոռու  մարզի  շուրջ  երեք հազար հուշարձանի պահպանության  համար  15  աշխատակից  է  պատասխանատու: Հուշարձանի պահապանը պահակ չէ, ինչպես հաճախ թյուրիմացաբար նշվում է, և չի կարող մշտապես  գտնվել  հուշարձանի տարածքում:

Հուշարձանի պահպանության համար հավասարապես պատասախանատու են նաև տեղական ինքնակառավարման  մարմինները, ինչն ամրագրված է օրենսդրությամբ, ինչպես նաև շարքային քաղաքացիները:

Մասնավորապես` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «ա» և «գ» կետերի, ինչպես նաև 11-րդ հոդվածի «բ» կետի համաձայն պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները մարզի տարածքում ապահովում են վերահսկողություն հուշարձանների պահպանության և օգտագործման մասին  ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, միջոցներ են ձեռնարկում և աջակցում մարզի տարածքում հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ:

Սակայն, փաստ է, որ արձանագրվող ցանկացած  բացասական երևույթի դեպքում  քննադատության  միակ  թիրախը  հուշարձանի պահապանությունն  իրականացնող մարմինն է լինում:

Ինչ  վերաբերում է Քոբայրին, այնտեղ ներկայում վերականգնման աշխատանքներ են  իրականացվում: ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները սեպտեմբերի 18-ին եղել են վանական համալիրի տարածքում և  հերթական անգամ մաքրման աշխատանքներ իրականացրել:

Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է ՊՈԱԿ-ի մարզային ծառայության պատասխանատուների կողմից:  Նրանք  հանդիպումներ են ունեցել  (դրանք  շարունակական բնույթ են կրում)  համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ՝ զգուշացրել  խոշոր եղեջերավոր անասուներին  հուշարձանների տարածքներում արածացնելու անթույլատրելիության մասին:  Համապատասխան գրություններ են ուղարկվել  Թումանյան համայնքի ղեկավարին ու  ոստիկանության համապատասխան բաժանմունք: Խոշոր եջերավորների տերերը նաև տուգանվել են, սակայն երևույթը չի վերացել:

Պատասխանատվության ու իրավագիտակցության  բացակայության  արդյունքում  նման  դեպքերի դեռ  կհանդիպենք: Խոշոր եղջերավոր  կենդանիները կշարունակեն  արածել  սրբավայրերի տարածքներում այնքան ժամանակ, քանի դեռ նրանց  տերերը  չեն գիտակցել,  որ Աստծո տունը պղծելը սրբապղծություն է:

Եվ պետք չէ մեղավորներ այլ տեղ փնտրել, մեղավորները մեր մեջ են:

2017-10-25T16:59:01+00:00 19 / 09 / 2017|Լրահոս, Նորություններ|