ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՔԱՐԱԿԵՐՏ ԳԱՆՁԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի լուսանկարների ցուցադրություն է բացվել Մարտունի քաղաքի մշակույթի տանը։  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի և ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության համատեղ նախաձեռնած միջոցառմանը  ներկայացվել են Հայկական լեռնաշխարհի բարձրադիր արոտավայրերում հայտնաբերված կենդանական պատկերագրությամբ կոթողային հուշարձանները։

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, ներկայացնելով ցուցադրությունը, խոսել է վիշապաքարերի նշանակության մասին: Նա նշել է, որ Հայկական լեռնաշխարհում մոտ 100 վիշապաքար կա, որոնք բաժանվում են հիմնականում երեք տեսակի՝  ձկնակերպ, ցլակերպ և ձկնացլակերպ: Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են բազալտից:

Հայկական լեռնաշխարհի վիշապաքաքերի լուսանկարների ցուցադրությունը կարևորել է  Մարտունու փոխքաղաքապետ Հովսեփ Տոնոյանը և շնորհակալութուն հայտնել ընդգրկուն ներկայացման համար։ Նրա կարծիքով նմանօրինակ ցուցադրությունները կարևոր են ոչ միայն մատաղ սերնդին հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու, այլև այդ արժեքների հանրահռչակման և զբոսաշրջության զարգացման առումով։

2017-09-23T17:52:02+00:00 23 / 09 / 2017|Լրահոս, Նորություններ|