ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾԱՄՈՐԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻՆ

Սեպտեմբերի  27-ին, ժամը 10:00-ին  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում  կմեկնարկի «Մեծամորյան ընթերցումներ I» խորագրով միջազգային գիտաժողովը` նվիրված  Հին  Մերձավոր Արևելքի  բրոնզի-երկաթի պարբերաշրջանների ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից  մեկի՝ Մեծամորի 2016 թ. դաշտային հետազոտությունների  և պեղումների  արդյունքներին:

Մասնակցության  հայտ են ներկայացրել Լեհաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի  շուրջ  30 մասնագետներ:

Գիտաժողովի  երկրորդ  օրը` սեպտեմբերի  28-ին, նախանշված  է  հայ-լեհական հնագիտական միջազգային արշավախմբի լեհական կողմի կազմակերպած և ոլորտին վերաբերող և «Լեհերը Մետքասի ճանապարհին. հետազոտողներ, բացահայտողներ, լրագրողներ» խորագիրը կրող դիտարժան վահանակների  ժամանակավոր  ցուցադրության  բացումը:

Այն իրենց ներկայությամբ կպատվեն  Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով փոխնախարար Բարտոշ  Չիխոցկին, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Արևելյան դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռաֆալ Պոբորսկին,  Հարավային Կովկասի հարցերով բաժնի պետ Պիոտր Կոնովրոցկին  և Երևանում  Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ:

Նրանք  կծանոթանան նաև հայ-լեհական արշավախմբի կողմից այս օրերին  Մեծամորի  հնավայրում  իրականացվող  հնագիտական աշխատանքներին: