ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

ՊՄՊ Արարատի մարզային ծառայությունը Նոյակերտ համայնքի միջնակարգ դպրոցի  հետ համատեղ անցկացրել է «Ճանաչենք, պահպանենք» խորագրով բաց դաս: Մարզային ծառայության աշխատակիցները դպրոցի բարձր դասարանի աշակերտներին ներկայացրել են Արարատի մարզի առավել հայտնի հուշարձանները, խոսել դրանց պատմամշակութային նշանակության ու պահպանության խնդիրների մասին։ Բաց դասի ընթացքում մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանն անդրադարձել է «Քաղաքատեղի Արտաշատ», «Դվին քաղաքատեղի» հուշարձաններին, «Խոր վիրապ» և «Սուրբ Կարապետ» վանական համալիրներին, «Կաքավաբերդ» և «Տաթի բերդ» ամրոցներին, Պարույր Սևակի տուն-թանգարանին։ Հուշարձաննրին նվիրված բաց դասն ուղեկցվել է լուսապատկերային ցուցադրությամբ:

Դասի ավարտին աշակերտները բազմաթիվ հարցեր են ուղղել մարզային ծառայության աշխատակիցներին: Նրանք հետաքրքրվել են նաև այլ հուշարձաններով, ներառյալ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պահպանության տակ գտնվողները։ Պատանիները  ցանկություն են հայտնել լինել հուշարձանների տարածքներում, տեղում ծանոթանալ այդ պատմամշակութային արժեքներին։

Նոյակերտ համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը, որը նպաստում է ոչ միայն հուշարձանների մասին ճշգրիտ տեղեկություն ստանալուն, այլև` ձևավորում մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար ու սրտացավ վերաբերմունք։

2017-09-29T18:13:01+00:00 29 / 09 / 2017|Լրահոս, Նորություններ|