ԿԻՆՈԴԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԱՑ ԴԱՍ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի նախաձեռնությամբ կինոդիտումներ են կազմակերպվել մարզի Հայկաձոր համայնքի միջնակարգ դպրոցում և Գյումրի քաղաքում գտնվող Շիրակի մարզային գրադարանում: Սահմանամերձ Հայկաձոր համայնքի միջնակարգ դպրոցում դիտել են «Ռոսլինի հետքերով» ֆիլմը, որը նվիրված է Կիլիկյան Հայաստանի մանրանկարչությանը և հայտնի մանրանկարիչ, գրիչ, ծաղկող Թորոս Ռոսլինի կյանքին ու գործունեությանը։ Հայկաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած կինոդիտմանը ներկա են եղել դպրոցի աշակերտները և ուսուցիչները: Կինոդիտմանը հաջորդել է մարզի հուշարձաններին նվիրված ճանաչողական բաց դաս, որն անցկացրել են  ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը և կրթօջախի մանկավարժները։ Անդրադարձ է կատարվել նաև հուշարձանների պահպանության խնդիրներին։

Շիրակի մարզային գրադարանի վերնահարկում Շիրակի պետական համալսարանի Արվեստաբանության բաժնի ուսանողների, մարզային գրադարանի աշխատակիցների համար ցուցադրվել է «Մոմիկ» ֆիլմը, որը  ևս միջնադարյան հայ մանրանկարչությանն է նվիրված, մասնավորապես հանճարեղ մանրանկարիչ, խաչքարագործ և ճարտարապետ Մոմիկին: Ֆիլմը դիտել են նաև մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը, արվեստի բաժնի վարիչ Հ. Ավետիսյանը, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, սկսնակ ճարտարապետներ և արվեստասերներ:

Կինոդիտմանը նախորդել են ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետի տեղակալ Գոհար Ղուլիջողլյանի և գիտաշխատող Անուշիկ Բորակյանի զեկույցները, իսկ կինոդիտման ավարտին կազմակերպվել է հայ ժողովրդի մշակութային արժեքների պահպանմանն ու հանրահռչակմանը վերաբերող  զրույց- քննարկում, որից հետո  ներկաները ծանոթացել են գրադարանի արվեստի բաժնի թեմատիկ ցուցադրությանը:

Նմանօրինակ միջոցառումների նպատակը հանրությանը, հատկապես մատաղ սերնդին հայ ժողովրդի բազմադարյան հարուստ մշակույթին ծանոթացնելն է։

 

2017-09-29T18:48:18+00:00 29 / 09 / 2017|Լրահոս, Նորություններ|