«ՄԵԾԱՄՈՐ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԳՆԱՀԱՏԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայ-լեհական հնագիտական համագործակցությունը հինգ տարեկան է:  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում երեկ կայացած միջոցառումը իրենց ներկայությամբ պատվել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով  փոխնախարար Բարտոշ  Չիխոցկին, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Արևելյան դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռաֆալ Պոբորսկին,  Հարավային Կովկասի հարցերով բաժնի պետ Պիոտր Կոնովրոցկին  և Երևանում  Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ:

«Ողջունում  եմ  ձեզ և մաղթում, որ հայ-լեհական արդյունավետ համագործակցությունը դեռ երկար շարունակվի  ու  մեր  մշակութային պատմությունը հարստացնի նոր, ուշագրավ տեղեկություններով», – բացման խոսքում ասել  է «Պատմաշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։

ՊՈԱԿ-ի տնօրենը  համոզմունք  է  հայտնել,  որ  այս գործակցությունը  կնպաստի  նաև զբոսաշրջության զարգացմանը և լեհ զբոսաշրջիկները  «Մեծամոր»  արգելոց-թանգարանի այցելուների շարքում առաջիններից կլինեն:

Հայ-լեհական բարեկամությունը բարձր է գնահատել նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով  փոխնախարար Բարտոշ  Չիխոցկին:

«Ուրախ ենք հնագիտության ոլորտում հայ-լեհական  գործակցության համար:  Մեզ համար սա կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև հնարավորություն է` ծանոթանալու  տարածաշրջանի հնագիտական հարստությանը։  Հայ և լեհ ժողովուրդների բարեկամությունը մեզ համար թանկ է: Այս տարի Լեհաստանում  նշվել է  հայ  համայնքի կազմավորման  650 ամյակը»։

Ներկաները ծանոթացել են արգելոց-թանգարանում բացված «Լեհերը Մետքասի ճանապարհին. հետազոտողներ, բացահայտողներ, լրագրողներ» խորագիրը  կրող  ժամանակավոր  ցուցադրությանը, որտեղ ներկայացվել են արևելքի երկրների 14  հետազոտողների, արևելագետների ու մտավորականների 13-20-րդ դարերի ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են արևելքի տարբեր հուշարձաններին։

Լեհական պատվիրակության անդամները շրջել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Արդեն  լիիրավ «տանտիրոջ» իրավունքով  մշտական ցուցադրությանը նրանց ծանոթացրել է հայ-լեհական հնագիտական արշավախմբի համաղեկավար,  Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ  Յակուբյակը: Լեհական պատվիրակության անդամները  հիացել  է  արգելոց-թանգարանի  անկրկնելի  գանձերով,  եղել`  Մեծամորի  հնավայրի տարածքում:

Հայ-լեհական  գործակցության  շրջանակում  նաև  կադրերի վերապատրաստումն է: ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցներ Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտում երկու ամսով  որակավորման դասընթացների են մասնակցել, վկայագրեր ստացել:

Ամփոփելով իր տպավորությունները Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով  փոխնախարար Բ. Չիխոցկին մասնավորապես նշել է. «Այս աշխատանքը միջազգային գիտության  համար շատ կարևոր  և  իրական օրինակ է, նաև երաշխիք` հետագա գործակցության զարգացման համար: Ձեր հարգանքը մեր գիտնականների նկատմամբ ու նրանց աշխատանքին ցույց է տալիս եվրոպական ընտանիքին մեր բոլորիս անկեղծ ձգտումը: Առաջիկայում Հայաստան կայցելի  Լեհաստանի  մշակույթի նախարարության, ապա նաև`ԱԳ նախարարության պատվիրակությունը: Հուսով եմ, որ նրանք էլ ականատես կլինեն Մեծամորի գեղեցկությանը: Մեծապես տպավորված եմ Մեծամորի  աննկարագրելի գեղեցիկ գտածոներով»: