«ԵՄ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ». Պ. ՍՎԻՏԱԼՍԿԻ

«Եվրոպական  ժառանգության  օրեր» ծրագրի  շրջանակում  «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո նախանշված  միջոցառումների  մեկնարկն  այս  տարի  ազդարարվել է  Ստեփանավանի Է. Լեոնովիչի  անվան  Սոճուտ  դենդրոպարկից:

Հայաստանում  Եվրոպական  միության  պատվիրակության  ղեկավար , դեսպան Պյոտր Սվիտալսկին և  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շեշտել են եվրոպական երկրների  նախաձեռնությամբ  անցկացվող  ու  գեցեցիկ ավանդույթ ձևավորած  միջոցառումներին  Հայաստանի  մասնակցությունը:

«Եվրամիության համար սա պատեհ առիթ  է  ցույց  տալու, թե որքան  մեծ է Հայաստանի ներդրումն  ընդհանուր եվրոպական ժառանգության մեջ։ Առանց հայկական մասնակցության եվրոպական մշակույթը շատ ավելի աղքատ կլիներ։ Եվրոպական բուհերի ճարտարապետական ֆակուլտետների ուսուցման  պարտադիր ծրագրում է «Զվարթնոց» տաճարի ուսումնասիրությունը, կոնսերվատորիայում անպայման ուսումնասիրում են Կոմիտասի արվեստը և այլն: Շնորհակալ ենք  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին  մասնակցության համար», -բացման խոսքում ասել է Պ. Սվիտալսկին։ Նրա խոսքով Եվրամիությունը ցանկանում է ամրապնդել մշակութային կապերը  Հայաստանի  հետ` նախատեսելով մի շարք նոր ծրագրերի  իրականացում:

«Համոզված եմ, որ ժառանգությունն ու բնությունը միասին ստեղծում են հենց այն միջավայրը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերաաժևորելու մեր հայրենիքի հանդեպ սերը։ Այս օրերին իրենց դռները կբացեն  ՀՀ  Ազգային  ժողովը, կառավարությունը, Երևանի կոնյակի գործարանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնը և այլն:  Այդ  շենքերը  մեր մշակութային ժառանգության կարևոր  մասն  են կազմում ու բաց կլինեն սովորական քաղաքացիների համար», – ասել է  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում, ընդհանուր առմամբ, 100-ից ավելի միջոցառումներ են նախանշված  Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում:  Նախարար Ամիրյանի խոսքով  նախատեսված  է  նաև ծառատունկի անցկացում պատմական հուշարձանների տարածքներում:

Միջոցառման  մասնակիցները  շրջել  են  1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի կողմից  հիմնադրած Դենդրոպարկում, որտեղ աշխարհի տարբեր  վայրերից  բերված բույսերն ամուր  արմատներ են գցել:

Հաջորդ  կանգառը` «Լոռի բերդ» քաղաքատեղի»  պատմամշակութային  հուշարձանի  տարածքում էր, որտեղ նրանց աղ ու հացով են դիմավորել:  «Մասունք» ազգագրական երգ ու պարի համույթի և  Վանաձորի «Սուրբ Տիրամայր» երգչախմբի հոգևոր երգերի կատարումներն ամբողջացրել են օրվա խորհուրդը:

Հյուրերը  շրջել  են հուշարձանի  տարածքում` ծանոթացել «Լոռի Բերդի» պատմությանը:

 

 

 

 

 

 

2017-10-18T13:05:49+00:00 02 / 10 / 2017|Լրահոս, Նորություններ|