ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԱՆԱԿՆԿԱԼ ՀՅՈՒՐԵՐԸ` ԼևՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԱՐԻԱՆԱ ԿԱՈԼԻՆԻՆ ԷԻՆ

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների  և  պատմական  միջավայրի  պահպանութան  ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային  կենտրոնի նախաձեռնած «Հայկական ավանդական  հարսանիք»  ներկայացում-միջոցառումն  էր:

Արգելոց-թանգարանի  տարածքը  զարդարվել էր  ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուի  որոշ  առարկաներով,  նախշազարդ   գորգերով:  «Շողակն»,  «Մասունք»  և  «Վարք  Հայոց»  ազգագրական  երգի-պարի  համույթները  գեղեցիկ  ու  թատերականացված կատարումներով, «հարս ու փեսայի» ու մյուս մասնակիցների հետ ազգագրական  երգ-երաժշտության  հնչյունների ներքո  ներկայացրել են ավանդական հայկական  հարսանիքի ինչ-որ տեղ մոռացված ավանդույթները: Զվարթնոց  տաճարում  հնչել է  նաև  «Զվարթնոց» կվարտետի հիասքանչ  կատարումը:

«Գլխավոր»  անակնկալը առջևում էր: Բեմականացված միջոցառմանը  միացել է այդ օրն  իրապես  պսակադրվող շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն իր հարսանացուի`  Արիանա Կաոլինի հետ: Նորապսակները որոշել էին 7-րդ դարի քրիստոնեական տաճարի կամարների ներքո անմահացնել իրենց կյանքի ամենակարևոր ու հիշարժան օրվա լավագույն ակնթարթները:

Միջոցառման մասնակիցներն ու  այցելուները  բուռն  ծափերով  են  ողջունել  նորապսակ զույգին`  շուրջպարի  մեջ առնելով նրանց:  Զուռնա -դհոլի հնչյունների ներքո  շնորհավորել ու  բարեմաղթանքներ են հղել  նրանց:

 

 

 

2017-10-03T16:41:40+00:00 02 / 10 / 2017|Լրահոս, Նորություններ|