ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏ. ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Հունգարիայի  Պիտեր  Պազմանի  անվան  Կաթոլիկ  համալսարանի Հնագիտության ինստիտուտի գիտնական-քարտուղար, հնագետ Ժոլտ Վագները Երևանում  է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում

հնագիտության  ոլորտին  առնչվող դասախոսություններ կարդալու համար: Հունգարացի գիտնականը համագործակցության  նոր եզրեր ուրվագծելու  նկատառումով հյուրընկալվել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում:  Արմատներով  հայ Ժ.Վագները  և  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը քննարկել են հետագա  համատեղ  աշխատանքի  հնարավոր  ուղղությունները: Ներկայացնելով Կաթոլիկ համալսարանի գործունեությունը`  Ժ. Վագներն  ասել է, որ բուհը գործում է Վատիկանի հովանու ներքո, ֆինանսավորում` Հունգարիայի պետության կողմից և ավելացրել, որ  անցած տարի էլ Կաթոլիկ համալսարանում հայագիտական ամբիոն է բացվել: Նա պատմել է հուշարձանների վերականգման որոլտում իրականացված աշխատանքների մասին, ներկայացրել` 3 D ձևաչափով ուսումնասիրություններ:

Արքեպիսկոպոս Պիտեր Պազմանի կողմից Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին` 1635 թ. հիմնադրված կրթօջախը  ժամանակին կարևոր նշանակություն է  ունեցել  Եվրոպայի կրթության և կրոնական մշակույթի պահպանման գործում: Կաթոլիկ  համալսարանը ներկայում  ընդլայնել է գործունեությունը:  Այն համագործակցում  է աշխարհի տարբեր երկրների 20-ից ավելի գիտական ինստիտուտների հետ: Մասնավորապես փորձի փոխանակման ու կադրերի վերապատրաստման ծրագրեր է իրականացնում, նաև` մասնակցում հնագիտական ու մշակութային արժեքների վերականգնման աշխատանքների: Պատերազմական իրադարձությունների պատճառով պասսիվացել են հարաբերությունները սիրիացի գործընկերների հետ: Ժ.Վագները խոսել է բուհի ահռելի գիտական հնարավորությունների, լաբորատորիայի, փորձի փոխանակման նպատակով Հունգարիա ժամանած արտասահմանցի մասնագետների մասին:

«Ունենք հնագիտության ոլորտի մեթոդաբանությունն  ուսումնասիրելու, պրակտիկ գործունեության  հնարավորությունները ուսանելու մեծ հնարավորություններ, կրթական մի շարք ծրագրեր: Ակտիվ գործակցում ենք նաև Հունգարիայի թանգարանների հետ: Մենք երիտասարդ  թիմ  ենք և ազատ ենք մեր աշխատանքի մեջ», -ասել է Ժ. Վագները, հավելելով, որ Հունգարիայում ուսանում են նաև Սիրիայից, Հորդանանից, Եգիպտոսից  ու Լիբանանից  ժամանած երիտասարդներ:

Արա Թարվերդյանի խոսքով  Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ և մենք ունենք հնագիտական ուսումնասիրությունների հսկայական տարածք, հունգարացի գործընկերները` գիտական մեծ հնարավորություններ:  ՊՈԱԿ-ի տնօրենի  կարծիքով  այս  գործակցությունը  աշխարհի տարբեր երկրների հնագետների համար կարող է մեծ արժեք ներկայացնող  բացահայտումներ  անել:

«Մենք պատրաստ ենք համագործակցության:  Վստահություն է ներշնչում այն, որ Հնագիտության  ինստիտուտը Վատիկանի հովանու ներքո է գտնվում և զուտ գիտությամբ  է զբաղվում: Մեր գործակցությունը  բոլորի տեսադաշտում  կլինի: Կարծում եմ, որ գիտական, գիտամշակութային  նուրբ ու կոռեկտ կապը կարող է մեղմել  քաղաքական որոշակի սառած հարաբերությունները:  Իմ գոհունակությունը պետք է հայտնեմ ձեր գիտական  հնարավորության վերաբերյալ և շատ կուզենայի համագործակցել  այդ  ոլորտում», – ասել է Ա. Թարվերդյանը:

Խոսելով  Օձաբերդ  հնավայրի տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից այս տարի իրականացված պեղումների մասին` Ժ. Վագները առաջարկել է միջազագային  ազդեցիկ ամսագրում այդ աշխատանքներին նվիրված գիտական վերլուծություն տպագրել:  Ըստ նրա` մտադրություն ունեն 3 D ձևաչափով ուսումնասիրել տարածքը, մոդելավորել  ու  սքանավորել այն:

2017-10-18T13:01:13+00:00 12 / 10 / 2017|Լրահոս|