ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆԸ 685 ՏԱՐԵԿԱՆ Է

Միջնադարյան Հայաստանում քարավանային առևտրի զարգացմանը զուգահեռ ընդարձակվել ու բարեկարգվել են ճանապարհները, կառուցվել իջևանատներ, քարավանատներ: Նմանօրինակ կառույցների շարքին է դասվում նաև իր աշխարհագրական դիրքով և ճարտարապետական լուծումներով առանձնակի կարևորություն ունեցող, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր համայնքում գտնվող Սելիմի քարավանատունը (Սուլեմայի կամ Չեսարի քարավանատուն):  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնած միջոցառումը նվիրված էր հուշարձանի կառուցման 685 ամյակին:

Միջոցառման մասնակիցները պատմական ակնարկի միջոցով անդրադարձել են 13-րդ դարի առաջին կեսին Օրբելյանների  իշխանական տոհմի հիմնադրմանը  Հայաստանում, խոսել` Չեսար Օրբելյանի կողմից Սելիմի քարավանատան  կառուցման մասին:  Քաջբերունու բնութագրմամբ` այն հզոր և խրոխտ շինություն է:

«Չեսարի քարավանատունը նման է պատմական Հայաստանի Տայք նահանգի նմանատիպ քարավանատներին: Տայքից Վայոց ձոր տեղափոխվելուց հետո Օրբելյանները  նման քարավանատուն են կառուցել են նաև այս մարզում:

Օրբելյանների տոհմը հետաքրքիր ձեռագիր է թողել հայոց  պատմության մեջ: Շինարար ու մեծ գիտնական Ստեփանոս Օրբելյանի շնորհիվ մենք այսօր շուրջ 700 բնակավայրի մասին սկզբնաղբյուր տեղեկություններ ունենք: Շատ կարևոր է, որ սերունդները հիշեն ու պահպանեն մեր պատմամշակութային ժառանգությունը», -իր ելույթում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով  Հայաստանն ու մասնավորապես  Վայոց  ձորը` աչքի  են ընկնում  մշակութային  հարուստ  ու  հայկական ուրույն ճարտարապետությամբ: «Շնորհավորում եմ բոլորիս  այդ «մարգարիտներից»  մեկի`Սելիմի կամ ինչպես շատերն են անվանում` Չեսարի քարավանատան կառուցման 685 ամյակի առիթով»,-մաղթել է Ա.Թարվերդյանը:

Միջոցառման ավարտին ՊՈԱԿ-ի տնօրենությունը պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել  ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցներին` անբասիր ու  նվիրված  աշխատանքի, Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջին` համագործակցության համար: Ի դեպ` քոլեջի պատասխանատուները ձեռնունայն չէին եկել: Նրանք ՊՈԱԿ-ի ղեկավարությանն են հանձնել ուսանողների պատրաստած փայտյա հուշանվերը:

Ի դեպ, «Արփի» բնապատմական արգելոցի երկու աշխատակից  պատվոգրի է արժանացել  ս. թ. սեպտեմբերի 23-ին արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մինչ  հրշեջների ժամանումը  մարելու համար:

Միջոցառման ընթացքում Գետափ համայնքի մշակույթի տան սաները հանդես են եկել պարային կատարումներով:

2017-10-17T18:17:45+00:00 17 / 10 / 2017|Լրահոս, Նորություններ|