ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ԱՌԱՎԵԼ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ  «Պատմական  հիշողություններ և պատմամշակութային հուշարձաններ» թեմայով բաց դաս է անցկացվել Գեղարքունիքի մարզի Հայրավանք և Բերդկունք  համայնքների  միջնակարգ  դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտների համար: Միջոցառման նպատակը մատաղ սերնդին մեր  մշակութային ժառանգությանը ծանոթացնելն է, ինչպես  նաև մարզի  պատմական և բնապատմական  միջավայրը  աշակերտներին ճանաչելի  դարձնելը:

ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները հետաքրքիր ու բովանդակալից  տեղեկատվության միջոցով դպրոցականներին պատմել են տարածաշրջանի  վաղ  շրջանի  բնակիչների  կենցաղի, ապրելակերպի,  ավանդույթների և վարք ու բարքի մասին:

Աշակերտները ծանոթացել են Հայրավանք և Բերդկունք համայնքների վարչական տարածքներում գտնվող Հայրավանքի ամրոցի, Աղկալայի կիկլոպյան ամրոցի, կիկլոպյան տիպի պարսպի, Հայրավանքի վանական համալիրի, խաչքարերի և տարածաշրջանում գտնվող պատմամշակութային շատ հուշարձաններին, նրանց կառուցման ժամանակաշջանին, պատմական դերին ու նշանակությանը: Բաց դասի ընթացքում աչքի են ընկել նաև դպրոցականները, ովքեր մեծ ոգևորությամբ  ներկայացրել են  գրականությունից  դուրս  գրված ավանդապատումներն ու բանահյուսական զրույցները:

ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուների համոզմամբ   ստացած գիտելիքները դպրոցականներին կմոտեցնեն  մեր ազգային  արմատներին ու ակունքներին: Քանզի` հայրենի երկրի մշակույթը ճանաչելը, դրանց պահպանության  համար  պատասխանատվություն կրելը  յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է:

 

2017-11-10T13:43:08+00:00 27 / 10 / 2017|Լրահոս|Comments Off on ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ԱՌԱՎԵԼ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ