ԼԱՎՐԵՆՏԻ ԱԲՈՎՅԱՆ. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարունակում է ներկայացնել  հուշարձանների պահպանության ոլորտի նվիրյալներին: Նրանցից է Լավրենտի Աբովյանը, ով ծնվել է 1947 թվականին Թբիլիսիում` քարտաշ վարպետ Մուրադխանի ընտանիքում: Աբովյանների բազմանդամ ընտանիքը (7 զավակ) մշտապես կապված է եղել հայ մշակույթին ու ազգային արժեքներին:

Երիտասարդ Լավրենտի Աբովյանը 18 տարին լրանալուն պես տեղափոխվել է   Երևան, ընդունվել  ԵՊՀ պատմության ֆակուլտետ` իրականացնելու իր երազանքը՝ ավելի մանրամասն ուսումնասիրելու ծնողներից լսած հայոց պատմության փաստագրական էջերը: Ուսանելու տարիներին Լավրենտի Աբովյանն  աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ և նպատակասլացածությամբ: Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի հիմնադրման պատմության Էրեբունի թանգարանում: Երիտասարդ գիտական քարտուղարն աշխատանքի 15 տարիների ընթացքում  գիտելիքների հարուստ պաշարով աջակցել է նորաստեղծ կազմակերպության  աշխատակազմի ծրագրերի իրականացմանը:1985-ից Լավրենտի Աբովյանը «Զվարթնոց» հուշարձան թանգարանում է, ներկայումս «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Ազգային  մշակութային արժեքների անմնացորդ նվիրյալը շուրջ կես դար  սիրով ու նվիրումով զբաղվում է հուշարձանների պահպանությամբ և հանրահռչակմամբ:

Նրա համար կարևորը հուշարձանի անխաթար պահպանությունն է և այցելուների հետ շփումը` հետաքրքիր ու բովանդակալից տեղեկատվություն փոխանցելով: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հուշարձանի պահապանը աշխատանքային երկար տարիների ընթացքում շատերի հետ է առնչվել. hիշողությունները նրան տանում են հեռավոր անցյալ:

 

Նրա փոխանցմամբ մի օր, աշխատանքային օրվա ավարտին, անսպասելի թանգարան են այցելում Ամենայն հայոց հայրապետ Վազգեն վեհափառը, Համայն Ռուսիո պատրիարք Պիմեն Երկրորդը: Հարգարժան հյուրերին Լավրենտի Աբովյանը սիրով պատմել է թանգարանի մասին: Այդ հիշարժան օրը  Լ. Աբովյանն այսօր էլ հուզմունքով է հիշում` իրեն բախտ է վիճակվել ստանալ երկու կաթողիկոսների օրհնությունը, որի ուժն ինքն  առ այօսր զգում է:

Վառ հիշողություններ են մնացել Լավրենտի Աբովյանի մոտ հատկապես Էրեբունի  թանգարանի հիմնադիր տնօրեն Սուրեն Նարիմանյանից, ում տված խորհուրդները,  աշխատանքային հմտություններն ու գիտելիքները Աբովյանն այսօր փոխանցում է  երիտասարդներին:

Կարևորելով հուշարձանների տարածքներում իրականացվող մշակութային միջոցառումները` դասական երաժշտություն, համերգ, բաց դաս և այլն, Լ. Աբովյանն ասում է, որ դրանք ևս միտված են պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը: Եվ, որպես զրույցի վերջաբան, անկեղծանում, որ չի պատկերացնում իրեն առանց Զվարթնոցի…